Հայաստանը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, որոշումը կկայացվի 2027-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա հավելել է, որ եկող տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է որոշում կայացնել ապագա կայանի մոդելի վերաբերյալ, որից հետո արդեն հնարաոր կլինի անցնել արտադրող երկրի հետ մյուս հարցերի հստակեցմանը։
«Դրանից հետո հուսով եմ, որ արագ կանցնենք շինարարության փուլին»,–ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա նշել է, որ ուսումնասիրվում են մի շարք պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Չինաստանի և Կորեայի առաջարկները: ։
«Այժմ քննարկում ենք Ռուսաստանի առաջարկը, որը պիտի մեր թիմով նորից քննարկենք։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, քանի որ դրանք իրարից տնտեսապես և կառուցվածքային առումով էականորեն տարբերվում են»,–ասել է նա։
Խուդաթյանը հիշեցրել է, որ սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները հիմնականում կենտրոնացած են եղել փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայան կառուցելու հնարավորության վրա և առաջնահերթ ուսումնասիրել են նման տեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերը, սակայն հետագա զարգացումների և էներգետիկ պահանջարկի փոփոխության պայմաններում անհրաժեշտություն է առաջացել դիտարկել նաև այլ տարբերակներ։
«Բայց հիմա դեպքերի արագ զարգացումը՝ կախված արհեստական բանականության գործարանների հետ, ավելացել է նաև Հայաստանում էներգետիկ պահանջարկը, այսինքն՝ եթե մենք 1․5–2 տարի առաջ ունեինք էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա և այսուհետև հնարավոր չէ ավելցուկ ունենալ… Շատ կարևոր է, որ մենք տնտեսական ճիշտ հաշվարկ անենք»,–ասել է նա։
Նախարարը նաև անդրադարձել է այն տեսակետին, թե նոր ատոմակայանը կառուցող պետության ընտրությունը պայմանավորված է քաղաքական նկատառումներով։ Խուդաթյանը չի ընդունել այդ գնահատականը՝ ընդգծելով, որ որոշման հիմքում առաջին հերթին տնտեսական հաշվարկներն ու անվտանգության պահանջներն են լինելու։
«Սա տնտեսական հարց է, որովհետև խոսքը մի քանի միլիարդ դոլար միմյանցից տարբեր արժողությամբ գնային առաջարկների մասին է։ Այն արժեքը, որը կորոշվի ատոմակայանի մասով, այդ արժեքը ներառվելու է սակագնում և էական ազդեցություն է ունենալու սակագնի վրա։ Հետևաբար, մենք տնտեսական կտորը չենք կարող ոչ մի պարագայում ստորադասել և չենք էլ ստորադասելու։ Որովհետև արժեքների տարբերությունը տարբեր երկրների առաջարկների միջև կարող է մի քանի տասնյակ դրամի ազդեցություն ունենալ սակագնի վրա։ Դա Հայաստանի համար ճոխություն է, մենք քաղաքական ոչ մի նպատակահարմարություն չենք պատրաստվում մեր քաղաքացիների համար բեռ դարձնել և շարժվելու ենք բացառապես անվտանգության և տնտեսական գործոնները հաշվի առնելով»,–ասել է նախարարը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էի, որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգել մինչև 2046 թվականը։ Նման երկարաձգումը նախատեսվում է իրականացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնեցմամբ։
Հայկական ԱԷԿ-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկն սկսել է գործել 1976 թվականի դեկտեմբերին, իսկ երկրորդը շահագործման է հանձնվել 1980 թվականի հունվարին։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո որոշում է կայացվել դադարեցնել ատոմակայանի աշխատանքը, և այն կանգնեցվել է 1989 թվականի մարտին։ Հետագայում՝ 1995 թվականի նոյեմբերին, կայանի երկրորդ էներգաբլոկը կրկին գործարկվել է։
Սկզբնական նախագծով ատոմակայանի շահագործման ավարտը նախատեսված է եղել 2016 թվականին։ Սակայն «Ռոսատոմի» մասնագետների ներգրավմամբ իրականացված աշխատանքների արդյունքում այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և Հայկական ատոմային էլեկտրակայանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվել է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով։