Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության օրոք ՀՀ ԶՈւ զինվորները հիմնականում մոլորվել են կամ առևանգվել, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում. «168 ժամ»

Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ անդրադառնալով Շաքիի միջադեպին, Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքերը համեմատել է ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ-ում հանցագործ ելքով դեպքերի հետ: Նա, մասնավորապես, ասել է.

«Ադրբեջանի կողմից էլ են անցել, մեր կողմից էլ։ Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից (նկատի ունի Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելը.- Մ.Պ.): Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։

Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։

Եղել է, որ զինվորն անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին վերադարձնում ենք։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք»:

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության օրոք ՀՀ ԶՈւ զինվորները հիմնականում մոլորվել են կամ առևանգվել, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Միայն 2021 թվականի մայիսյան առաջխաղացումների ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարվել էր 6 զինծառայող:

Նույն պատկերը 2021 թվականի նոյեմբերին ՀՀ տարածք ներխուժման և 2022 թ. սեպտեմբերյան մարտերի դեպքում էր: Բացի այս, 2023 թվականի մայիսին ՀՀ տարածքից գերեվարվել կամ առևանգվել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ՝ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող): Նրանք սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են՝ ՀՀ Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսին պահեստազորային Գագիկ Ոսկանյանն ինքնակամ թողել էր մարտական դիրքը և մոլորվել, ավելի ճիշտ՝ ադրբեջանցիներն այդ պահին մոտեցել էին նրան և տարել: Ընդ որում՝ սնունդ տեղափոխած զինծառայողներին և պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, որոնք Ադրբեջանի ոչ մի քաղաքացու տուն չէին մտել, ոչ ոքի չէին սպանել, դիվերսանտ էին ներկայացրել, կամ՝ ահաբեկչություն փորձ կատարած, ազատազրկման դատապարտել: Եթե ավելի հետ գնանք, Ադրբեջանը դիվերսանտ է ներկայացրել անգամ ՀՀ տարածքից առևանգված կամ մոլորված ՀՀ քաղաքացիական անձանց, որոնք հետո բանտում սպանվել են և նրանց դիակներն են Հայաստան վերադարձվել:

Բավական է հիշել 2010 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն էին տարածել, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել, թեև դրանից առաջ նրան ցույց էին տվել Բաքվի հեռուստատեսությամբ, և նաև հասցրել պնդել, որ «հայ հովիվը հետախույզ է, որը գերեվարվել է դիվերսիոն գործողության ընթացքում»: Հայ հովիվը ենթարկվել էր խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարմնի վրա ֆիզիկական բռնության և խոշտանգումների բազմաթիվ հետքեր կային:

Ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն այդ օրերին հայտարարում էր.

«Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, և ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը և առևանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է:

Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեև սխալվում եմ»:

2014-ին ևս մեկ նման սարսափելի դեպք էր արձանագրվել: Այս անգամ գերեվարվել էր Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով ևս դիվերսանտ էր ներկայացվել, այնուհետև սպանվել ադրբեջանական բանտում:

Եվ հիմա, երբ Փաշինյանն ակնարկում է, որ Շաքիում հանցագործություն կատարած Նասիմի Մուսաևն ինչ-որ պահի կարող է հանձնվել, բացառելով փոխանակումը՝ նշելով, որ «մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք», ըստ էության, առնվազն այս ընթացքում հայ զինվորներին առևանգելու «հիմք» է ստեղծում:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment