«FoundHer» նախաձեռնությունը՝ հայ կին ձեռներեցներին աջակցելու և միջազգային շուկա դուրս բերելու հարթակ․ AIWA-ն ներկայացրեց նոր ծրագիրը

Հայ կանանց միջազգային ասոցիացիան (AIWA) «FoundHer» նախաձեռնության միջոցով նպատակ ունի աջակցել Հայաստանում կին ձեռներեցներին, զարգացնել նրանց բիզնեսներն ու հնարավորություն տալ դուրս գալու միջազգային շուկաներ։ Այս տարի ծրագիրն ընդգրկում է տեխնոլոգիաների, նորաձևության և տուրիզմի ոլորտները։

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ AIWA Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղի ներկայացուցիչների հանդիպումը տեղի համայնքի, գործընկերների և կին ձեռներեցների հետ։

Երեկոյի ընթացքում ոչ միայն ազդարարվեց «FoundHer» նոր ծրագրի մեկնարկի մասին, այլև ստեղծվեց ջերմ մթնոլորտ՝ նոր կապերի, ծանոթությունների ու փորձի փոխանակման համար։ Մասնակիցներից շատերը նշում էին, որ հանդիպմանը ներկա գտնվելու իրենց գլխավոր նպատակը նոր ծանոթություններ ձեռք բերելն ու բիզնես ցանցերի (networking) ընդլայնումն է։

«FoundHer»-ը (անվանումը բառախաղ է female founder՝ «կին հիմնադիր» բառերի շուրջ) հատուկ մշակված նախաձեռնություն է, որն ուղղված է կին ձեռներեցներին։ Ծրագիրը սահմանափակված չէ միայն տեխնոլոգիական սթարթափներով․ այն նախատեսված է ցանկացած ոլորտի կին հիմնադիրների համար՝ լինի դա շահույթ հետապնդող, թե հասարակական բիզնես։

Ծրագրի հիմքում ընկած է Դիանա Աբգարի թոռնուհու՝ Լյուսիլ Աբգարի կտակը։

Լինելով կին ձեռներեց և տուրիստական գործակալության տեր Սան Ֆրանցիսկոյում՝ նա իր ողջ կարողությունը կտակել է AIWA-ին՝ հատուկ պայմանով, որ միջոցներն ուղղվեն հենց կին ձեռներեցների աջակցմանը։

«Առավոտի» հետ զրույցում AIWA Սան Ֆրանցիսկոյի նախագահ Լիլիթ Ենոքյանը, անդրադառնալով Հայաստանում կին ձեռներեցների առջև ծառացած խնդիրներին, նշեց․

«Հայաստանում և, ինչպես ամբողջ աշխարհում, կին ձեռներեցներին տրված հնարավորությունները հավասար չեն տղամարդկանց ընձեռված հնարավորությունների հետ։ Եվ հայկական ինչ-որ տեսակի պահպանողական, ընդհանրական բնույթ է կրում դեռ հասարակությունը, ճիշտ է՝ շատ մեծ քայլերով առաջ ենք ընթանում, և կանանց հնարավորություններն աճում են։

Չնայած դրան, մեր նպատակն է, որ կարողանանք հնարավորություն տրամադրել հայ կանանց իրենց բիզնեսը զարգացնելու, աճեցնելու համար։ Ու հիմնականում, մարդիկ համագործակցում են այն խմբերում, որտեղ որ բոլորը իրար գիտեն, կանայք շատ հաճախ չեն ներգրավվում։ Եվ մեր ասոցիացիայի իմաստը դա է, որ կանայք հնարավորություն են տալիս կանանց հաջողելու ու աճելու, հետո հաջորդ սերունդին նույն ձևով աջակցելու»։

Խոսելով ծրագրի 3 սյուների մասին՝ Լիլիթ Ենոքյանը հավելեց․

«Երեք տարբեր ուղղություններով ենք մենք աշխատում այս տարի, մյուս տարի կարող է և դա ընդլայնվի։ Բայց այս տարի մենք երեք հիմնական սյուների մեջ ենք ներդնում․ առաջինը տեխնոլոգիան է, այսինքն՝ tech սթարթափներ։ Երկրորդը՝ դա նորաձևությունն է, և այս շաբաթ (պատահական չէ, որ հենց այս շաբաթ ենք այստեղ) Yerevan Fashion Week-ն է՝ Նորաձևության շաբաթն է, եկել ենք, որպեսզի գտնենք երկու հոգի, երկու դիզայներ, որոնք շատ մեծ պոտենցիալ ունեն, և իրենց այս հնարավորությունը լիքը բան կտրամադրի։ Իրենց կաջակցենք։ Եվ երրորդն էլ տուրիզմն է։ Տուրիզմը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեր նախաձեռնությունը սկսվել է նրանից, որ մեզ տրվել է ֆինանսական աջակցություն Լյուսիլ Աբգարից։ Հանրահայտ, հայ փաստաբան Դիանա Աբգարի թոռնուհին մեզ ժառանգել է իր կարողությունը Սան Ֆրանցիսկոյում, ու ինքը եղել է կին ձեռներեց, ու ունեցել է բիզնես հենց տուրիզմի մեջ։ Դրա համար մեզ համար կարևոր է, որ հենց այդ ճյուղը օգնենք, աջակցենք, որ շատ արագ զարգանա Հայաստանում»։

AIWA Սան Ֆրանցիսկոյի խորհրդի անդամ Արուսյակ Աբրահամյանը կիսվեց իր անձնական պատմությամբ՝ պատմելով, թե ինչպես է AIWA-ն փոխել իր կյանքը. «ԱՄՆ-ում, երբ միանում ես որևէ խորհրդի, սպասում ես ձանձրալի հանդիպումների ու դրամահավաքների: Բայց ես չգիտեի, որ հանդիպելու եմ այնպիսի կանանց, ովքեր Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական վետերաններ են Netflix-ից, Salesforce-ից, Roku-ից: AIWA-ում ես գտա իմ «ցեղախումբը»: Այստեղ կարող ես զանգահարել ու խորհուրդ հարցնել թե՛ բիզնեսի, թե՛ երեխաների դաստիարակության վերաբերյալ: Այսօր դուք կարող է նստած եք ձեր ապագա համահիմնադրի կողքին: Դուռը բաց պահեք հաջորդ կանանց համար»։

«FoundHer» նախաձեռնության ղեկավար Լորա Դերթադյանն էլ հավելեց․ «Մենք դուստրեր ենք, քույրեր ենք, կանայք ենք և մայրեր ենք։ Ամեն ինչ հնարավոր է, հատկապես երբ ունեք շատ ամուր կապ։ Դուք ունակ եք լինելու մայր, կին և բիզնեսի տեր։ Հենվեք ձեր քույրերի, ձեր համայնքի վրա»։

«FoundHer» ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն, մենթորություն, ինչպես նաև հնարավորություն՝ իրենց ապրանքանիշն ու բիզնեսը ներկայացնելու ամերիկյան շուկայում։

Հավելենք նաև, որ AIWA-ն շարունակում է ընդլայնել իր միջազգային աշխարհագրությունը․ կազմակերպության հերթական գլոբալ համաժողովը (AIWA Global Conference), որն անցկացվում է 5 տարին մեկ անգամ, տեղի է ունենալու 2027 թվականի հոկտեմբերի 7-10-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։

 

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment