Թմրանյութերի գովազդ՝ Գյումրու բնակելի շենքերի պատերին․ ահազանգից հետո ոստիկանությունը կարմիր ներկով ջնջել է

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն այսօր լուսանկարներ էր հրապարակել, որոնցից ակնհայտ է դառնում, որ Գյումրիում դարձյալ սկսել են անթաքույց գովազդել թմրանյութերը՝ կոչ անելով ցանկության դեպքում կապվել վաճառողների հետ։ Երկու տարբեր լուսանկարներում նույն գրառումն է․ «Պլան, գրե ապ ջան»։

Քաղաքական գործչի բարձրաձայնումից հետո ոստիկանությունն արագ հեռացրել է այդ գրառումները՝ շենքերը պատելով կարմիր ներկով։

Այս երևույթը նորություն չէ գյումրեցիների համար, թմրանյութ վաճառող թելեգրամյան ալիքների գովազդներ հայտնվել էին մի քանի տարի առաջ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային շենքերի վրա, որոնցից դրանք ջնջելը մի մեծ պատմություն էր դարձել․ հուշարձան շենքերին մի մեխ խփելու համար անգամ լիազոր մարմնի թույլտվություն է պետք, ուր մնաց՝ այդ գրառումները մաքրեին։

Այդ ժամանակ Գյումրիում մի մեծ աղմուկ բարձրացավ, ինչպես արձանագրված դեպքերն են ցույց տալիս, դրանից հետո թմրանյութերի վաճառքը սկսեցին փոքր-ինչ ծպտյալ իրականացնել։

Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին պատմեց՝ երեխաներին դպրոց էր տանում, երբ նկատել է այդ գրառումը։ Այն, ըստ մեր զրուցակցի, տեսանելի, աչքի ընկնող հատվածում է՝ դպրոցականների ուշադրությունը գրավող։ Ըստ նրա, նման գրառում հայտնվել է Անի թաղամասի շենքերից մեկում, մյուսն էլ՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի։

«Գիտեք՝ սա առաջին դեպքը չէ Գյումրիում, 2020-2021 թվականներից սկսած՝ մենք այս իրավիճակին ականատես ենք լինում, մշտապես բարձրաձայնել եմ, եղել են դեպքեր, երբ ոստիկաններին պարտադրել ենք, եկել ու միջոցներ են ձեռնարկել, երբեմն մենք ենք մեր ուժերով այդ գրառումները վերացրել։

Քանի անգամ ենք հարցազրույցներ անցկացրել այս թեմայով, ես այն համոզմանն եմ, որ թմրանյութերի տարածումը Հայաստանում սկսվեց 2018 թվականի հունիսի կեսերից, երբ կառավարության որոշմամբ՝ թմրանյութերի տարածման չափաբաժինները փոփոխությունների ենթարկվեցին, եթե նախկինում X չափաբաժնով տարածողը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, հիմա անգամ վարչական պատասխանատվության չի ենթարկվում։

Այսօր ոստիկանները բավական օպերատիվորեն արձագանքեցին իմ գրառմանը, սակայն կարծում եմ՝ կանխարգելիչ գործողություններ պետք է իրականացնեն կամ գտնեն հանցագործներին ու քրեական պատասխանատվության ենթարկեն։

Հայաստանում թմրանյութերի օգտագործման, շրջանառման դեմ պայքարը արդյունավետ չէ, անընդհատ աճ ենք տեսնում, որևէ պաշտոնական տվյալ չի հրապարակում, որ համոզվենք, թե պայքար է տարվում։ Այն տպավորությունն ունեմ, թե թմրանյութերի տարածումը «Նոր Հայաստան» բերողների բերած ծրագրերից է։

Տեսեք՝ այսօրվա գրառումները գյումրու բարբառով են․ «Գրի, ապ ջան», շատ կազմակերպված աշխատում են։

Ես կարծում եմ, որ սա արհամարհանք կամ հայհոյանք է ոստիկանության հասցեին, և եթե իմ կողմից չբարձրաձայնվեր, նման օպերատիվ կերպով չէին ջնջի, բայց ես երկու հասցեներում եմ տեսել այդ գրառումները, քանի այդպիսի հասցեներ կան»,-ասում է Կարապետ Պողոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment