«Երեկվանից ստանձնել եք հանցագործություն իրականացրած ադրբեջանցու դատապաշտպանի դերը։ Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, ոչ թե Ադրբեջանի, հետեւաբար, ավելի հետաքրքրված պետք է լինեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով, նրանց առողջությամբ եւ ճակատագրով եւ ոչ թե հանցագործություն իրականացրած ադրբեջանցու ճակատագրով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Ինչպե՞ս է ադրբեջանցին հատել սահմանը։
Եվ եթե ԱԱԾ պետի տեղակալը հեռացվել է, նշանակո՞ւմ է, որ նա որեւէ թերացում ունեցել է։ Ինչո՞ւ են ձախողվել որոնողական աշխատանքները, ո՞վ է պատասխանատու սրա համար։ Եվ ամենակարեւոր հարցը՝ ինչո՞ւ կոմունիկացիա չի իրականացվել տեղի բնակիչների հետ։ Այս բոլոր երեք դրվագներում պետությունը բացակայել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Կոմունիկացիա չի եղել, որովհետեւ չի եղել վստահություն, որ զինվորը գտնվում է ՀՀ տարածքում։ Ինչպե՞ս է անցել սահմանը, այդ հարցով կատարվում է քննություն, մենք չգիտենք, թե ինչպես է անցել։ Երբ որ ինքն առաջիկայում ցուցմունք կտա եւ կտանի ցույց կտա, թե որտեղով է անցել, այդ ժամանակ արդեն շատ անհատականացված կնայենք՝ ականապատ դաշտերն ինչո՞ւ չեն աշխատել, ականապատված են, թե՞ ականապատված չեն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: