Փաշինյան․ Ադրբեջանցի զինծառայողն առնվազն պատժի մի մասը պետք է կրի ՀՀ-ում (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և քաղաքացուն հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողի գործով քննությունը պետք է իրականացնեն ՀՀ իրավապահ մարմինները։

«Միանշանակ ու աներկբա՝ ՀՀ-ում տեղի ունեցած քրեական հանցագործություն է, գործը պետք է քննվի, գործը պետք է ուղարկվի դատարան, դատարանը պետք է վճիռ կայացնի, այն պետք է մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրումը՝ առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ-ում»,– ասել է նա, հայտնում է Radar.am-ը:

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանում տվյալ զինծառայողի նկատմամբ գործ է հարուցվել ծառայության վայրն ինքնակամ լքելու համար։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment