Fip.am. «CTRL Z» նախագծի հոկտեմբերի 6-ի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերին, մի շարք պնդումներ է արել ինքնասպանությունների լուսաբանման վերաբերյալ։
«Ընկալում ա ձևավորվել, այդ թվում միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների աշխատանքների շնորհիվ, որ սովորական ինքնասպանությունները քաղաքացիական կյանքի չեն լուսաբանվում։ Որովհետև համընդհանուր ընկալումն այն է, որ ինքնասպանությունների լուսաբանումը բերում ա ինքնասպանությունների։ Բայց բանակում ինքնասպանությունները լուսաբանվում են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեկոմենդացիան է, և բոլոր համաշխարհային ԶԼՄ-ների հետ աշխատում են, որ ինքնասպանությունների դեպքերը չլուսբանվեն», — ասել է Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ԱՀԿ համապատասխան զեկույցներն ու ուղեցույցները՝ պարզելու Փաշինյանի պնդումների ճշմարտացիությունը։
Ի՞նչ է իրականում առաջարկում ԱՀԿ-ն
ԱՀԿ-ն 2023 թվականին թարմացրել է լրատվամիջոցների համար նախատեսված «Կանխելով ինքնասպանությունը․ աղբյուր՝ մեդիաոլորտի մասնագետների համար» («Preventing suicide: a resource for media professionals» (Preventing suicide: a resource for media professionals) ուղեցույցը։
Դրանով Կազմակերպությունն առաջարկում է ԶԼՄ-ներին ոչ թե չլուսաբանել ինքնասպանությունները՝ սահմանելով լռություն նման դեպքերի վերաբերյալ, այլ առաջարկում է լուսաբանել թեման այնպես, որ հնարավոր վնասը հասցվի նվազագույնի կամ բացառվի։
ԱՀԿ-ն հենց ուղեցույցի նկարագրության մեջ նշում է, որ մեդիայի հրապարակումները կարող են ինչպես ուժեղացնել, այնպես էլ թուլացնել ինքնասպանությունների կանխարգելման ջանքերը։
Չնայած, Կազմակերպությունն արձանագրում է, որ ինքնասպանության դեպքերի լայն տարածում ստացած լուրերին երբեմն հաջորդում է ինքնասպանությունների աճ, սակայն օրինակ նման ճգնաժամը հաղթահարած մարդկանց մասին պատմությունները կարող են հակառակը՝ դրական ազդեցություն ունենալ։
Այսինքն՝ ԱՀԿ-ի մոտեցումը չի կառուցվում «լուսաբանել կամ չլուսաբանել» երկընտրանքի վրա, այն բացառապես վերաբերում է «ինչպե՞ս լուսաբանել» հարցին․ պատահական չէ, որ ԱՀԿ-ի փաստաթղթի հիմնական բաժիններից մեկը կոչվում է «Responsible reporting on suicide»՝ ինքնասպանությունների պատասխանատու լուսաբանում։
Նանե Մանասյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: