Բաժանորդագրվել
Թորսյանի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 5–ի տվյալներով` ԼՂ–ից (Արցախ) բռնի տեղահանված 8 563 անձի տրամադրվել է սերտիֆիկատ` պետական աջակցության ծրագրով ձեռքբերելու բնակարան, որից իրացվել է 4 911–ը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Նատալյա Սինորյանի հարցին, թե որքա՞ն արցախցի է մինչ այս պահը ստացել սերտիֆիկատ։
Նախարարի խոսքով` շաբաթական մոտ 100–120–ով ավելանում է այս թիվը։
«Հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ում ծրագրով հասնում են այս սերտիֆիկատները, կստանան ու կիրացնեն այն»,– նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։