Զինված ուժերում տեղի ունեցող միջադեպերն ու դրանց վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները շարունակում են մնալ հասարակական քննարկումների առանցքում։ Անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի արած վերջին հայտարարություններին՝ ընդգծելով, որ դրանք փաստացի հերքում են նախկինում տարածվող պետական քարոզչական թեզերը:
Ըստ Աբրահամյանի՝ երբ երկրի ղեկավարն անդրադառնում է դիրքերում զգոնության պակասին կամ զինվորների մոտիվացիայի բացակայությանը, դրանով իսկ ընդունում է, որ զինված ուժերում առկա են կառավարման և կարգապահության լուրջ խնդիրներ։ Փորձագետը նշում է, որ նման մոտեցումը ցույց է տալիս մարտական կանոնադրության ու ներքին կարգուկանոնի չգործելու իրողությունը։
Տիգրան Աբրահամյանի գրառման մեջ ասվում է․
«Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:
Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:
Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:
Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:
Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:
Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»: