Հանրայինի տնօրեն․ Տեղի է ունեցել սխալ, չեմ ուզում անուններ տալ (PAN.am)

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը սխալ է համարել 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումը։

«Տեղի է ունեցել սխալ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա հայտնել է, որ ներքին աշխատանքային խնդիրներ են առաջացել:

«Չեմ ուզում անուններ տալ, պաշտոններ նշել։ Տեղի է ունեցել խնդիր, որին արձագանքել ենք ներողությամբ։ Մնացածը ներքին քննության հարց է, ներքին քննություն կլինի»,-ասել է նա:

Մովսիսյանի խոսքով՝ հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով նախատեսվում է հատուկ օրացույց սահմանել։

«Հատուկ օրացույց ենք սահմանելու, որ եթերում նման բովանդակություն չհեռարձակվի ոչ համապատասխան օրերին, ինչն արդեն մեր հայտարարությամբ ընդունել ենք, որ համապատասխան չէր այդ օրվան»,- նշել է Մովսիսյանը։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և նրա տեղակալ, ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել սեպտեմբերի 27-ին ժամանցային համերգ հեռարձակելու համար։

Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ սեպտեմբերի 27-ին իր եթերում ժամանցային համերգի հեռարձակումը սխալ էր որակել՝ ընդունելով ամբողջ պատասխանատվությունը։ Երգիչ Թաթա Սիմոնյանը նույնպես անդրադարձել էր իր համերգի ցուցադրմանը և այն անթույլատրելի համարել։ Դեպքից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել էր, որ ուսումնասիրելու է կատարվածի հանգամանքները և անհրաժեշտության դեպքում պատասխանատու անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ է կիրառելու։

Leave a comment