Լարիսա Ալավերդյան. ԵԽԽՎ բանաձևն ու Սյունիքի միջադեպը ցույց են տալիս իշխանության անկարողությունը

«Եվրոպայի խորհուրդը հրապարակեց մի զեկույց, որտեղ շատ պարզ գրված է. «Հայաստանը, ըստ էության, չի հանդիսանում այնպիսի պետություն, որտեղ ընտրությունները լինում են ազատ, արդար»։ Ավելին, այնտեղ գրված է. «Այս իշխանությունը ձևավորվել է մի ձևով, որը չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ հայաստանյան հասարակությունում պատշաճ արձագանք չստացավ ԵԽԽՎ վերջին բանաձևը։

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները, որոնք տարիներ շարունակ աչք էին փակում այս բոլոր ապօրինությունների վրա, այսօր ստիպված են արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դա ժողովրդավարության հետ որևէ կապ չունի։ Սա շատ լուրջ ազդակ է, որ նույնիսկ արտաքին ուժերը, որոնք հովանավորում էին այս իշխանությանը, այլևս չեն կարողանում թաքցնել այն իրականությունը, որն առկա է Հայաստանում»,- կարծում է տիկին Ալավերդյանը՝ մանրամասնելով. «Սա նշանակում է, որ այս իշխանությունը կորցրել է իր լեգիտիմության վերջին փշրանքները ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում։ Եվ մենք պետք է օգտագործենք այս բոլոր փաստարկները՝ ցույց տալու համար, որ այս համակարգն ամբողջովին փտած է և ենթակա է անհապաղ հեռացման»։

Խոսելով Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցածի մասին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Դա ուղղակի պատահականություն չէ, որ ինչ-որ ադրբեջանցի զինծառայող «մոլորվել» է ու հայտնվել է Սիսիանի տարածքում՝ Շաքի գյուղում, մտել է տուն, հարձակվել քաղաքացիական անձանց վրա։ Սա Ադրբեջանի կողմից պլանավորված, հատուկ մշակված դիվերսիոն-ահաբեկչական օպերացիա է։ Նրանք փորձարկում են մեր սահմանների պաշտպանվածությունը, փորձարկում են մեր բնակչության դիմադրողականությունը և տեսնում են, թե ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը։ Եվ ի՞նչ ենք մենք տեսնում. մենք տեսնում ենք, որ սահմանը, ըստ էության, պաշտպանված չէ, եթե զինված ադրբեջանցին կարողանում է անարգել հասնել մինչև գյուղի խորքերը»։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ամենացավալին ու վտանգավորն այն է, թե ինչպես են սա ներկայացնում իշխանության ներկայացուցիչները. «Ռուբեն Ռուբինյանը կամ մյուսները փորձում են նսեմացնել տեղի ունեցածի նշանակությունը, փորձում են հանրությանը մոլորեցնել՝ ասելով, թե դա ընդամենը «կենցաղային» կամ «սովորական սահմանային միջադեպ» է։ Սա ուղղակի հանցավոր անտարբերություն է և սեփական ժողովրդի անվտանգության հաշվին Ադրբեջանին արդարացնելու փորձ»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment