ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտ Դարյա Շիպիլովայի հնարավոր մահվան պատճառների մասին տեղեկությունների ֆոնին։ Հոկտեմբերի 6-ին, Սպիտակ տան ղեկավարը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ պետությունների ղեկավարների միջև մոտ ժամանակներում «զրույց է նշանակված»։
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Թրամփն Իրկուտսկում տեղի ունեցածը քննարկել է Պուտինի հետ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապի մեջ է Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ և տեխնիկական աջակցություն է առաջարկել։ Այդ մասին հոկտեմբերի 7-ի գիշերը X-ում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։ Միաժամանակ նա նշել է, որ ԱՀԿ-ի հարցմանն ի պատասխան ռուսական առողջապահական մարմինները տեղեկացրել են՝ վերջին շրջանում Իրկուտսկի մարզում ժանտախտի որևէ դեպք չի գրանցվել, գրում է Deutsche Welle-ն:
«Նրանք ԱՀԿ-ին տեղեկացրել են, որ իրականացվել է համաճարակաբանական հետաքննություն, ձեռնարկվել են կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ, իսկ հայտնաբերված կոնտակտավոր անձինք վերցվել են բժշկական հսկողության տակ և թեստավորվել են։ Նրանք հայտնել են, որ կոնտակտավոր անձանց շրջանում բարձր վտանգ ներկայացնող ախտածիններ չեն հայտնաբերվել, և բոլոր հայտնաբերված կոնտակտավոր անձանց բժշկական հսկողությունն ավարտվել է», – շարունակել է ԱՀԿ ղեկավարը։
Նույն գրառման մեջ Հեբրեյեսուսը հայտնել է, որ կազմակերպությունը «լրացուցիչ տեղեկություններ է խնդրել՝ ծանր թոքաբորբի պատճառը, հանրային առողջապահության ոլորտում միջոցներ ձեռնարկելու առիթ դարձած հարուցիչը պարզելու, ինչպես նաև անհայտ պատճառի թոքաբորբով երկրորդ աշխատակցի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումները ստուգելու համար»։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին «շատ ուշադիր հետևում է»։
«Մենք հենց նոր ենք լսել այդ մասին, և նրանք (ՌԴ իշխանությունները՝ խմբ.) դա անվանում են թոքաբորբ։ Նախկինում թոքաբորբը բուժելն ավելի հեշտ էր, սակայն մանրէներն ու բակտերիաներն անհամաչափորեն ավելի ուժեղ են դարձել։ Բայց մենք նրանց (Ռուսաստանին՝ խմբ.) կօգնենք», – հայտարարել էր Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Սպիտակ տունն արձագանքելու է արդյոք Ռուսաստանից ստացվող համապատասխան տեղեկություններին։
Հոկտեմբերի 2-ի գիշերը Իրկուտսկի մարզի Շելեխովի շրջանային հիվանդանոցում մահացել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտ Դարյա Շիպիլովան։ Հարևան Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը Max-ում գրել էր, որ նրա մահվան պատճառը ժանտախտն է եղել։ Հետագայում նա խմբագրել է գրառումը՝ ավելացնելով «հնարավոր է» ձևակերպումը։
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ մահացածի մոտ ախտորոշվել է թոքերի բորբոքում, որի պատճառը չի պարզվել։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևն իր հերթին տեղեկացրել է «հատկապես վտանգավոր վարակի» կասկածի մասին՝ չնշելով ենթադրվող ախտորոշումը։
«Բայկալի մարդիկ» պարբերականը հոկտեմբերի 4-ին հայտնել էր, որ կարանտինի պատճառով փակվել են Իրկուտսկի թիվ 1, 3 և 10 քաղաքային կլինիկական հիվանդանոցները, ինչպես նաև ծննդատունը և Իվանո-Մատրյոնինսկայա մանկական կլինիկական հիվանդանոցը։ Բացի այդ, Շելեխովի Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակ կրելու ռեժիմ է սահմանվել։ Այդ մասին մեկ օր առաջ հայտնել է ձեռնարկության տնօրեն Արտյոմ Ֆոմինիխը։