«Ադեկվատ» կուսակցության համահիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանը ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ (խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,– գրել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ գրառման մասին է խոսքը:
Դանիելյանն առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական մարմին։
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ ա։
Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են»,– գրել էր նա։
Դանիելյանի վերջին գրառումները վերաբերում էին Շաքիի դեպքին, որտեղ հայտնված ադրբեջանցի զինծառայողը կրակել է տան տիրուհու վրա, վնասվածքներ պատճառել նրա երեխաներին:
2020-ի հուլիսին Արթուր Դանիելյանին խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Նույն տարվա նոյեմբերին նա ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացված ակցիային մասնակցելու համար, այնուհետև ազատ արձակվել։