Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղաքականություն

07.10.2026 | 13:45

Ադրբեջանը նախկինի պես Հայաստանից քայլեր է ակնկալում խաղաղության պաշտոնական ձևակերպման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու ուղղությամբ։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը և փաստացի խաղաղության հաստատումը դեռևս չեն նշանակում խաղաղության գործընթացի ավարտ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։

Ամիրբեկովն ընդգծել է, որ խաղաղության պաշտոնական ձևակերպումն անհրաժեշտ է դրա կայուն և անշրջելի բնույթն ապահովելու համար։

«Ձևավորված դե ֆակտո խաղաղությունն արդեն շոշափելի գործնական արդյունքներ է տալիս, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման տեսքով։ Սա նպաստում է վստահության ամրապնդմանը և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը»,- նշել է նա։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում Ամիրբեկովը զրուցակիցներին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի, հեռանկարների և դրական դինամիկայի մասին։

Ըստ ադրբեջանական տեղեկատվության՝ ֆիննական կողմը դրական է գնահատել Ադրբեջանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջմղմանն ուղղված ջանքերը և հույս է հայտնել, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը տեսանելի ապագայում կստորագրվի։

Այցի շրջանակում Ամիրբեկովը հանդիպումներ է անցկացրել Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի վարչության ղեկավար Ալիիսա Տորնբերգի, խաղաղության միջնորդության վարչության ղեկավար Վիլլե Բրումմերի, վարչապետի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Մարիա Կոսելայի, Արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների քաղաքական հարցերով պետական քարտուղար Պասի Ռայալայի, Ֆինլանդիայի ԱԳՆ եվրատլանտյան համագործակցության վարչության ղեկավար Սարի Ռաուտիոյի, ինչպես նաև Ֆինլանդիայի խորհրդարանում ֆիննա-ադրբեջանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Վիլհելմ Յունիլայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment