Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են Հայաստանում «Pinaka Mk-II» հրթիռների տեղական արտադրության և հավաքման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է հնդկական IDRW պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ համաձայնության ձեռքբերման դեպքում դա կարող է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի ռազմարդյունաբերական համագործակցությունը և ապահովել զինամթերքի ավելի կայուն մատակարարումներ։
Նշվում է, որ Հայաստանը զինված ուժերի սպառազինության մեջ արդեն ներառել է հնդկական արտադրության «Pinaka Mk-II» կառավարվող հրթիռներ, ինչպես նաև «Pinaka Extended Range» չկառավարվող հրթիռներ։
Հնարավոր համագործակցության շրջանակում հնդկական պաշտպանական ընկերությունը կարող է Հայաստանին տրամադրել տեխնոլոգիական աջակցություն, արտադրական փորձ և համապատասխան մասնագետների ուսուցում։ Սկզբնական փուլում հնարավոր է օգտագործվեն հնդկական արտադրության բաղադրիչներ, իսկ հետագայում նախատեսվի տեղական արտադրության մասնաբաժնի աստիճանական ավելացում։
Միաժամանակ, ըստ IDRW-ի, քննարկումները դեռ նախնական փուլում են։ Արտադրության մոդելը, հրթիռի կոնկրետ տարբերակը և տեխնոլոգիաների փոխանցման պայմանները դեռ վերջնականապես որոշված չեն, և որևէ վերջնական համաձայնագիր դեռ չի հայտարարվել։