Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի և Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։
«Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում»,- գրում է թերթը։
Նշվում է, որ այլընտրանքն Իրանից բերվող բիտումն է, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել ցեմենտի և բիտումի մատակարարումների հետ կապված խնդիրների մասին։ Այդ մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։