Փաշինյան․ Կարդացել եմ եկեղեցու վերաբերյալ զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ եկեղեցուն վերաբերող զեկույցում խմբագրումներ է արել: Նա այդ մասին ասել է Infocom-ին տված հարցազրույցում:

«Ես կարդացել եմ զեկույցը մի քանի անգամ, այդ թվում խմբագրումներ եմ արել»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ինքը խմբագրումներ էլ արած լինի, գրում է Sputnik Արմենիան:

Փաշինյանը նշել է, որ, իր գնահատմամբ, շատ բարձրորակ զեկույց է ստացվել։ Միևնույն ժամանակ նա, ըստ էության, չի կարողացել պատասխանել հարցազրուցավարի հարցին, թե ինչ մեթոդաբանությամբ է կազմվել զեկույցը։

«Մենք առաջ ենք քաշել թեզեր, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցում էս-էս պատճառներով ճգնաժամ է․․․ Եվ մենք հանրային դաշտից հավաքագրել ենք արժանահավատության մի նվազագույն շեմ ունեցող տվյալները և դարձրել ենք զեկույց»,- ասել է նա։

Հարցազրուցավարը հետաքրքրվել է, թե նույն տրամաբանության կիրառման դեպքում ինչու հանրությունը չպետք է հավատա ՔՊ-ականների, ինչպես նաև անձամբ Փաշինյանի և նրա ընտանիքի վերաբերյալ հրապարակումներին։

ՀՀ վարչապետը նշել է, որ նման տեղեկությունները պետք է հերքվեն՝ որպես օրինակ մատնանշելով, որ իրենք դիմում են դատարան։ Նա նաև հայտարարել է, որ «զեկույցում» հիշատակված հոգևորականները չեն կարողանալու նույն կերպ վարվել, քանի որ, ըստ Փաշինյանի, «զեկույցում» ներկայացված տեղեկությունները ճշմարիտ են։

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը: Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:

Leave a comment