ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ն կարող է զրկվել գազի գնային արտոնությունից (PAN.am)

Հայաստանը, վերանայելով Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների կարգավիճակը, կարող է զրկվել ռուսական գազի գնի հարցում արտոնությունից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք Հայաստանի հետ ունենք ծավալուն պայմանագրաիրավական բազա, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Սակայն այդ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Այդպիսի արտոնությունների օրինակներից մեկը գազի գինն է», – ասել է Կալուգինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ չէ այլ երկրներից Հայաստանի կողմից գազ գնելուն, քանի որ նման հնարավորությունն ամրագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում։

«Սակայն պետք է հասկանալ, թե որն է ռուսական մատակարարումների այլընտրանքը։ Մի քանի թիվ ներկայացնեմ։ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում հանրապետությունում սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան մոտ 2․2-2․7 միլիարդ խորանարդ մետր։ Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի՝ հազար խորանարդ մետրի դիմաց 177․5 դոլար ֆիքսված գնով։ Հայաստանը Ռուսաստանից նաև նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի», – հայտնել է դեպարտամենտի տնօրենը։

Հուլիսի 30-ին տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը լրագրողներին հայտնել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177․5 դոլար գնով, մինչդեռ գազի ներկայիս «եվրոպական» գները գերազանցում են հազար խորանարդ մետրի դիմաց 600 դոլարը։ Նրա խոսքով՝ դա այլ կերպ, քան սուբսիդավորում, անվանել հնարավոր չէ, քանի որ այդ գումարը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է կազմում։

ՌԴ ԱԳՆ-ն մայիսին հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով Երևանին նամակ է փոխանցվել։ Դրանում նշվել է, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի գործընթացի շարունակման դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղարկի բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։

Leave a comment