«Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից». Արա Սահակյան

1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանը անօրինական կերպով հատելու և խաղաղ բնակչին հրազենային ծանր վնասվածք պատճառելու միջադեպը Հայաստանի իշխանությունների կողմից ծույլ արձագանքի է արժանացել. մինչդեռ անհրաժեշտ է արժանապատիվ և համարժեք մոտեցում ցուցաբերել։ Այս առումով խիստ օգտակար է, որպեսզի Հայաստանում իմանան, թե ինչպես է ընթանում ս.թ. սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում անցկացված զորավարժություններում պատահած հայտնի ողբերգական դեպքի հետաքննությունը։

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հետաքննությունը բացահայտել է Ղազախստանի ԶՈւ-երի խորքային և համակարգային խնդիրներ։ Հիշեցնեմ, որ ափհանման ժամանակ ուժեղ փոթորկի և քամու հետևանքով 17 նավաստի հայտնվել էր ծովում և, ցավոք, նրանցից 14-ը զոհվել էր։

ՊՆ համալիր ստուգման առաջին փուլի արդյունքներով ձեռնարկվել են խիստ միջոցներ. պաշտոնից ազատվել են պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը և ՌԾՈւ-երի գլխավոր հրամանատարը։ Նախկին ղեկավար կազմը մեղադրվում է զորավարժությունների պլանավորման մեջ թույլ տված սխալների և պատշաճ վերահսկողության բացակայության համար։ Տեսչական ստուգումներն ընդգրկել են ՊՆ ավելի քան 50 օբյեկտ։ Ծանր հետևանքներ առաջացրած անփութության գործերից բացի, քննությունը բացահայտել է պետական գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների նկատմամբ բռնության կիրառման թաքցված փաստեր։

Ղազախստանի նախագահը հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության ներքո և ՊՆ նոր ղեկավարությանը հանձնարարել է 10 օրվա ընթացքում պատրաստել ԶՈւ-երի բարեփոխումների արմատական ծրագիր։

Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment