Արհեստական բանականությունից օգտվելը կարող է բարելավել արտադրողականությունն ու հակազդել ժողովրդագրական ճնշումներին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2026թ․ հոկտեմբերի 6 — Ավելի թանկ էներգակիրներ, ավելի մեծ անորոշություն և առևտրային գործընկերների ավելի թույլ տնտեսական ընդլայնում․ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը 2026 թվականին կարող է դանդաղել մինչև 2.2%, 2025 թվականի 2.6%-ի համեմատությամբ` ըստ այսօր հրապարակված Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտորանական Ասիայի տնտեսական թարմացման․ ԱԲ-ն ի գործ․ աշխատատեղեր, ընկերություններ և արտադրողականություն զեկույցի։

Դանդաղումը պայմանավորված է ավելի լայն գործոններով, որոնք արտացոլում են տարածաշրջանի երկրների մեծ մասում առկա խոցելիությունները։ Բացի Ռուսաստանից, որին վերագրվում է տարածաշրջանի արտադրանքի 40 տոկոսը՝ ակնկալվում է, որ աճը 2025 թվականի 3.7 տոկոսից 2026 թվականին կիջնի 3 տոկոս։ Ապրանքների համաշխարհային շուկաների խաթարումները ավելի սահմանափակ ազդեցություն են ունեցել, քան ի սկզբանե ակնկալվում էր։

«Տարածաշրջանի զարգացող տնտեսությունները շարունակում են դիմակայել՝ նվազ էներգետիկ ինտենսիվության, լավարկված կառավարման քաղաքականությունների և լավ տեղական պահանջարկի շնորհիվ», – նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։

«Արտադրողականության բարձրացման և աշխատանքային տարիքի բնակչության թվի նվազմանը հակազդելու համար երկրները կարող են օգտագործել արհեստական բանականության ներուժը՝ զարգացնելով հիմնարար կրթական և ղեկավարման հմտությունները, աշխատաշուկան և սոցիալական պաշտպանության ինստիտուտները նախապատրաստելով այս արմատական փոփոխությանը։»

Աշխատանքային շուկայի բարենպաստ պայմանները, աճող իրական աշխատավարձերը, դրամական փոխանցումները, զբոսաշրջային ներհոսքերը և հանրային ներդրումները նպաստել են տնտեսական աճին։ Կառավարությունների ժամանակավոր աջակցության միջոցառումները մասնակի կառավարել են մարդկանց և ընկերությունների վրա էներգիայի գնաճի ազդեցությունը՝ չնայած որոշ երկրներում դրանք մեծացրել են հարկաբյուջետային լարվածությունը։

Կենտրոնական Ասիան շարունակում է մնալ ամենաարագ աճող ենթատարածաշրջանը և ակնկալվում է, որ 2026 թվականին աճը կկազմի 5.8 տոկոս. Ղրղզստանի Հանրապետությունում կանխատեսվող աճը՝ 9.6 տոկոս, իսկ Ուզբեկստանում՝ 7.9 տոկոս։ Արևմտյան Բալկաններում աճը հավանաբար 2025 թվականի 2.6 տոկոսից 2026 թվականին կհասնի 3.1 տոկոսի, իսկ Լեհաստանն առանձնանում է կենտրոնական Եվրոպայում՝ 3.6 տոկոս աճ։ Ուկրաինայում ակնկալվում է, որ աճը կնվազի մինչև 1.2 տոկոս ՝ հաշվի առնելով կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասները և արտահանումների խաթարումները։

Էներգակիրների բարձր գները բարձր են պահում նաև գնաճի մակարդակը, իսկ ԵՄ-ում դանդաղ աճն ու այլ երկրներից մրցակցության ավելացումն ազդում են արտահանումների և արդյունաբերական  գործունեության վրա՝ հատկապես մեքենաշինության ոլորտում մատակարարման շղթաների վրա։ Առևտրի խաթարումներն ու ռազմական գործողությունները Ուկրաինայում, էներգիայի, տրանսպորտի և պարարտանյութերի գների հավելյալ բարձրացումը, ավելի սեղմ համաշխարհային ֆինանսական պայմանները, առանցքային առևտրային գործընկերների մոտ թույլ աճը, ինչպես նաև եղանակային խիստ պայմանները շարունակում են հիմնական ռիսկային գործոններ հանդիսանալ։

Հատուկ ուշադրություն դարձնելով արհեստական բանականությանը՝ զեկույցը գտնում է, որ ԱԲ-ն ավելի արագ է զարգանում, քան տարածաշրջանը կարող է կլանել այս փուլում։ Հինգ աշխատողներից մոտ մեկը, մեծամասնությամբ լավ որակյալ կրթություն ստացած երիտասարդներ, այնպիսի աշխատանք են կատարում, որը զգալիորեն կրում է ԱԲ ազդեցություն։ Այժմ ավելի քիչ, քան 10 ընկերություններից մեկն է օգտվում ԱԲ-ից, այն էլ պարզ աշխատանքի համար։

Տարածաշրջանն ունի արհեստական ​​բանականության զարգացման բազմաթիվ նախադրյալներ, այդ թվում՝ բջջային կապի գրեթե համատարած ծածկույթ, էներգիայի բարենպաստ սակագներ և տեխնոլոգիական ոլորտի ուժեղ կադրային ներուժ։Սակայն զեկույցում նշվում է, որ դրա որդեգրմանը խանգարում է հիմնարար կրթության և ղեկավարման հմտությունների, ինտեգրված և փոխգործարկելի տվյալների և հաշվողական հզորությունների պակասը։

«Թեև մասնավոր հատվածը պետք է լինի ԱԲ ներդրման, հարմարեցման և նորարարության հիմնական շարժիչ ուժը, աշխատուժի նախապատրաստումն այս տեխնոլոգիային քաղաքականություն մշակողներին իրական հնարավորություն է տալիս լուծելու զբաղվածության հետ կապված խնդիրները և խթանելու տնտեսական աճը։», – նշել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին։ «Հաջորդ տասնամյակի հիմնական ռիսկը հավանաբար կլինի տարածաշրջանում արհեստական բանականության ոչ թե չափազանց շատ, այլ չափազանց քիչ որդեգրումն ու հարմարեցումը։»

Բացի գործող ոլորտների արդյունավետության բարձրացումից՝ ԱԲ-ը կարող է հիմք ստեղծել նոր ապրանքների, ծառայությունների, մասնագիտությունների և ոլորտների ի հայտ գալու համար։ Այս ամենն իրականություն դարձնելու երկու կարևորագույն նախապայմաններն են հմտությունների զարգացումը և մասնավոր կապիտալի զգալիորեն ավելի մեծ ներհոսքը։ Կառավարությունները կարող են խթանել նման ներհոսքը՝ ընդլայնելով հաշվողական ռեսուրսների հասանելիությունը մատչելի պայմաններով և դրանով իսկ հնարավորություններ ստեղծելով հաշվողական հզորությունների արտահանման համար՝ պայմանով, որ առկա է համապատասխան պահանջարկ։

 

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment