Ֆրանսիայում արտասովոր ու խոշոր կողոպուտ է տեղի ունեցել. Իսուար քաղաքի Ժամանակակից արվեստի մասնավոր կենտրոնից գողացել են աշխարհի ամենաթանկարժեք գրքերից մեկի՝ «Հայտնության» («Ապոկալիպսիս») բրոնզե կազմը, որի հեղինակը Սալվադոր Դալին է։
Գողացված նմուշն իսկական քանդակագործական գործ է․ 150 կիլոգրամ քաշ ունեցող կազմը պատված է բրոնզով, ոսկով, թանկարժեք քարերով ու ծովային խեցիներով։ Գողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ի գիշերը։ Ուշագրավ է, որ հանցագործները տարել են միայն Դալիի պատրաստած ծանր կազմը, իսկ մագաղաթյա էջերը թողել են մեկ այլ վայրում։ Գրքի ընդհանուր քաշը էջերի հետ միասին կազմում էր շուրջ 210 կիլոգրամ, իսկ արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրոներ։
Կլերմոն-Ֆերանի դատախազությունը արդեն հետաքննություն է սկսել՝ դեպքը որակելով որպես «բացառիկ արժեք ներկայացնող արվեստի գործի գողություն»։ Այս եզակի օրինակը 1958-1961 թվականներին ստեղծել էր պատկերասրահի տեր Ժոզեֆ Ֆորեն՝ Հովհաննես Աստվածաբանի «Հայտնության» հիման վրա։ Տասնամյակների ընթացքում գիրքը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 140 ցուցահանդեսներում։