Փաշինյանը և Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին, առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման,  ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment