Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում Եվրամիությանը նոր լիազորություններ սահմանել, որոնք թույլ կտան սահմանափակել Չինաստանի կամ այլ երկրների մուտքը ԵՄ միասնական շուկա, եթե նրանց գործողությունները ապակայունացնեն առևտրային հարաբերությունները, հաղորդում է Bloomberg-ը։
Առաջարկը ներկայացված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին օրերս ուղարկված նամակում։ Փաստաթղթում առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, որը Եվրոպային կպարտավորեցնի նվազեցնել մատակարարման շղթաների կախվածությունն այլ երկրներից։
Նամակում Չինաստանն ուղղակիորեն չի հիշատակվում։ Սակայն նախաձեռնությունը ներկայացվել է այն ժամանակ, երբ ԵՄ-ն ուղիներ է փնտրում Չինաստանի հետ առևտրային հարաբերությունները վերակշռելու համար։ ԵՄ առաջնորդները նախատեսում են հարցը քննարկել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։
Գերմանիայի և Ֆրանսիայի ֆոնդային շուկաներում տարբեր ուղղությամբ շարժ է գրանցվել։ Գերմանական DAX-ը աճել է 0.29%-ով՝ մինչև 25 305.24 կետ, իսկ ֆրանսիական CAC 40-ը նվազել է 0.67%-ով՝ մինչև 7 844.29 կետ։ Գերմանիայում միջին կապիտալիզացիայով ընկերությունների Midcap ինդեքսն աճել է 0.06%-ով, SDAX-ը՝ 0.24%-ով, մինչդեռ տեխնոլոգիական TecDAX-ը նվազել է 0.17%-ով՝ մինչև 4 075.11 կետ։ Ֆրանսիայում CAC All Shares-ը կորցրել է 0.32%, իսկ CAC Mid & Small-ը բարձրացել է 0.22%-ով։
DAX-ի կազմում շուկայից ավելի լավ արդյունք են գրանցել Continental-ը (+2.56%), GEA Group-ը (+2.03%), Rheinmetall-ը (+1.91%), Fresenius Medical Care-ը (+1.61%) և Mercedes-Benz Group-ը (+1.50%)։ Անկում են գրանցել Siemens Healthineers-ը (−1.48%), Adidas-ը (−1.46%), Bayer-ը (−0.98%), Scout24-ը (−0.95%) և Heidelberg Materials-ը (−0.89%)։ Առավել ակտիվ շրջանառվող բաժնետոմսերից Deutsche Telekom-ը թանկացել է 1.07%-ով, Vonovia-ն՝ 1.01%-ով, Deutsche Bank-ը՝ 0.66%-ով, իսկ Infineon-ը նվազել է 0.63%-ով։
Ֆրանսիայում CAC 40-ի ամենամեծ անկումը գրանցել է Schneider Electric-ը, որի բաժնետոմսերը էժանացել են 9.54%-ով։ Նվազել են նաև Danone-ը (−1.83%), Capgemini-ն (−1.79%), Hermes-ը (−1.50%) և Publicis-ը (−1.00%)։ Աճի առաջատարներն են Dassault Systemes-ը (+3.30%), Stellantis-ը (+2.90%), Thales-ը (+2.56%), Renault-ն (+2.07%) և Eurofins Scientific-ը (+1.76%)։ TotalEnergies-ի բաժնետոմսերն աճել են 1.34%-ով, իսկ Credit Agricole-ինը նվազել են 0.30%-ով։
Հատկանշական աճ է գրանցել ավտոմոբիլային ոլորտը, որի համար Չինաստանը առանցքային շուկաներից մեկն է․ Continental-ի բաժնետոմսերն աճել են 2.56%-ով, Stellantis-ինը՝ 2.90%-ով, Renault-ինը՝ 2.07%-ով, իսկ Mercedes-Benz Group-ինը՝ 1.50%-ով։