«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին հարվածներ է հասցրել 2-րդ դասարանի աշակերտուհուն՝ նաև ցուցափայտով։ Ինչպես Shamshyan.com-ին պատմել է երեխայի մորաքույրը, ուսուցչուհին աշակերտուհուն հարվածել է դասասենյակում, ինչի հետևանքով երեխան վախից դուրս է վազել:

«Ուսուցչուհին երեխուն նորից տանում է դասասենյակ, երեխուն նորից լավ ծեծում է: Ծեծելուց հետո երևի երեխան վատանում է կամ ինքնազգացողությունն է վատանում, չգիտեմ, տանում է սանհանգույց, երեխուն լվացացնում, սթափեցնում, բերում է: Իսկ երբ որ տուն ա հասնում, արդեն երեխու պարանոցը, ձեռքերը ուռած, երեխան էնքան լացել է, աչքերը ուռած էր»։

Մորաքրոջ խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ինչից հետո երեխան դպրոց չի գնում, վախենում է։ Ըստ նրա՝ այդ ուսուցչուհին նախկինում ևս բռնություն կիրառել է աշակերտուհու նկատմամբ, սակայն այս անգամ բռնությունն ավելի ծանր է եղել։

«Պարբերաբար ինքը ծեծել է, եղել են հարվածներ, բայց երբեք չի բողոքել երեխան, բայց այս կարգի՝ ձեռքով և ցուցափայտով։ Ոստիկանություն չի դիմել քույրս միայն նրա համար, որ չի ցանկանում, որ քրեական պատասխանատվության ենթարկվի ուսուցչուհին, միայն կցանկանա, որ ուսուցչուհին ամբողջությամբ ազատվի աշխատանքից իր այս վերաբերմունքի համար: Դիմել է մարզպետարան, պատասխան է եկել, որ «մի ծնողի բողոքով չենք կարող ուսուցչուհուն ազատել աշխատանքից, պետք է առնվազն յոթ ծնողի բողոք»: Բայց չկան բողոքներ, այսինքն՝ ես չեմ հասկանում այս օրենքը ոնց է․ եթե չորս, հինգ, վեց երեխու ծեծի ուսուցչուհին, դա նորմալ ա, այ յոթին երբ որ ծեծի, նոր դա կհամարվի օրենքի խախտո՞ւմ»։

Դեպքի առնչությամբ Factor TV-ն ողջ օրը փորձեց կապ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Ավելի ուշ աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից FactorTV-ին փոխանցեցին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին գերատեսչությանը տեղեկացնել։

«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- նշեց ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանը։ Մեր ճշտող հարցին՝ մինչ այդ ուսուցչուհին շարունակո՞ւմ է աշխատել, խոսնակն անպատասխան թողեց։

Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով․ «Քննչական գործողությունների շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները»,- նշեց մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս արձագանքել է միջադեպին։ Factor TV-ին լրատվության բաժնից փոխանցեցին, որ ՄԻՊ-ն իր մանդատի շրջանակներում քայլեր է ձեռնարկում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment