Ռուբինյան․ Դեռ պետք է պարզվի ադրբեջանցի զինծառայողը ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ-ում՝ դասալիք է, թե մոլորվել է

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դեռ անհրաժեշտ է պարզել, թե ինչ հանգամանքներում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում՝ այսինքն դասալիք է, թե մոլորվել է, գրում է Auroranews.am-ը:

«Ենթադրում եմ դասալիք է, բայց սա զուտ ենթադրություն է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ գիտեք մեր մոտից զինծառայող է կորել, կարող է ձեր մոտ է հայտնվել։ Ակնհայտ է, որ դիվերսիայի դեպքում այդպես չեն անում, հետևաբար լավ լուրն այն է, որ մենք չունենք նպատակաուղղված Ադրբեջանի կողմից ներխուժման դեպք, գործ ունենք անհատ զինծառայողի Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ, դե էլ կպարզվի՝ ոնց։

Հաջորդ շերտը, հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է ակնհայտ հանցագործություն, որովհետև մտել է մարդկանց տուն, կրակել է մարդկանց վրա, և սա հանցագործություն է, և դրա համար զինծառայողը ձերբակալված է և առաջադրված է մեղադրանք։

Ես չեմ հասկանում, թե ընդդիմությունը ինչի հետ է կռվում, գոյություն չունեցող կարծիքի հետ է կռվում։ Այսօր այնպիսի հարցեր էին տալիս, որ ո՞րն է ձեր քաղաքական գնահատականը, արդյոք դատապարտում եք, կարծես այլ քաղաքական գնահատական կարող է լինել, քան այն, որ մարդու տան մեջ մտնել կրակելը վատ բան է։ Հետևաբար պետք է հիմա մեր արդարադատությունը աշխատի, պետք է ամեն ինչ իր հունով գնա»,–ասել է Ռուբինյանը։

Ռուբինյանի խոսքով՝ հաջորդ հարցը վերաբերում է ՊՆ-ի, Գլխավոր շտաբի, ոստիկանության և ԱԱԾ-ի գործողություններին ու դրանց արդյունավետությանը։

«Դա կարելի է քննարկել։ Կարելի է նաև քննարկել հարցը մարտավարական իմաստով, արդյոք նման դեպքերում բնակչության զգուշացումն օգտական է, թե ոչ, որն է ավելի շատ վնաս, որն է ավելի շատ օգուտ։ Օրինակ, երբ գիտես, որ կա շանս, որ քո տարածքում կա այդ զինծառայողը, բայց կարող է և քո տարածքում չի, կարո՞ղ է այդ դեպքում, եթե բնակչությանը տեղեկացնես, դրա արդյունքում, օրինակ, բնակիչները իրար վրա կրակեն պատահաբար, որովհետև բոլորը մտածում են տարածքում զինծառայող կա։ Եվ այսպես հազար բան կա, որ պատկան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

Ես վստահ եմ՝ հիմա հետադարձ հայացքով համապատասխան գործընթացներ կլինեն և կհասկանան՝ ճիշտ է արվել, սխալ է արվել, լավ է արվել, վատ է արվել։ Բայց վերադառնալով վերջին՝ խաղաղության շերտին, քանի որ իմ մոտ տպավորություն է, որ մեր ընդդիմադիր գործընկերները շատ ուրախ են, որ այս միջադեպը եղել է, որովհետև վերջապես իրենց ձեռքում հայտնվել է կռվան, որ ասեն՝ այ սա՞ է ձեր խաղաղությունը։ Բայց ես ուզում եմ նորից կրկնել, որ տվյալ դեպքում սուբյեկտը, ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանում իր զինծառայության վայրը ապօրինի կերպով լքած, հետո ապօրինի կերպով մեր տարածքում հայտնված, հետո հանցագործություն կատարած անձն է, սուբյեկտը»,– հայտարարել է ԱԺ նախագահը։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է:

Leave a comment