Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում առաջին անգամ անցկացված «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակում ունեցած ելույթում, անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների հեռանկարներին, ասել է , որ TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ամբողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու:
Վարչապետն ընդգծել է, որ համաժողովի անցկացումը տրամաբանական շարունակությունն է այս տարվա մայիսին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագրի ստորագրման։
«Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից բացված տարածքը լցնել իրական կյանքով»։
Անդրադառնալով տնտեսությանն ու գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տվել՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չսահմանափակված մարդիկ հնարավորություններն ու հեռանկարներն ավելի լավ են տեսնում։ Այդ համատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ համաժողովում հնչած գաղափարները զարգացման հաջորդ փուլ են անցնելու և վերածվելու կոնկրետ պայմանավորվածությունների։
«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ամբողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու:
Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում։
Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի ստեղծմանը, Հյուսիս–հարավ ճանապարհային ծրագրի իրականացմանը, ինչպես նաև երկաթուղուն զուգահեռ արևելք–արևմուտք ուղղությամբ ճանապարհների բացմանը։
«Ինչ նկարագրում եմ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ Կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»,-ասել է նա:
Վարչապետի գնահատմամբ՝ այս զարգացումները նշանակելու են, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենալու միմյանց, և այժմ ճիշտ ժամանակն է քննարկելու ստեղծվող հնարավորությունների օգտագործումը։
«Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7.9% -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9% -ի վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է մոտ 53% -ով՝ նկատի ունենալով նաև ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել։
Եվ նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք։ Այդ ռազմավարական ուղղություններից մեկի մասին ասացի՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի տեմպը ոչ միայն պահել, այլ վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար»,-ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի վերաբերյալ Կառավարության ռազմավարական պատկերացումն է։ Հայաստանի նկատմամբ գործարար հետաքրքրության աճի համատեքստում նա կարևորել է նաև երկիր զբոսաշրջային հոսքերի ավելացումը։ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել նաև արհեստական բանականության ոլորտում։
«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական ու զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։
Համաժողովի ընթացքում քննարկվել են կապիտալի հասանելիության, ներդրումների ներգրավման և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանում ներդրումների իրականացման և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։