44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորածների մի խումբ ծնողներ այսօր կրկին ցույց էին իրականացնում ԱԺ շենքի մոտ՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը
Նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց տխրահռչակ զեկույցի ճակատագիրը․ նախկին Ազգային ժողովը զեկույցը չհրապարակեց, Ազգային ժողովի նախկին նախագահն այն ուղարկեց հատուկ բաժին․ պատգամավորներին առաջարկել էին այդպես ծանոթանալ բովանդակությանը։ Քանի որ զեկույցը գաղտնիության նշումով է, պատգամավորները չեն կարող հրապարակել մանրամասները։
Նախաձեռնող խմբի անդամները՝ «Լույսի ճրագ» ՀԿ-ն, «Հայ ազգային ճակատ» կազմակերպությունը և «Վերածնվող Արցախ» ՀԿ-ն, նոր գումարման խորհրդարանին հանրագիր ներկայացրեցին․ «Հանրագրի պահանջն է Ազգային ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ վերանայել նախկին Ազգային ժողովի նախագահի դիրքորոշումը, բարձրաձայնել ու քննարկել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու հարցը և վերացնել ԱԺ նախկին նախագահի կարգադրությունը զեկույցը գաղտնագրելու վերաբերյալ ու հանրայնացնել հանձնաժողովի զեկույցը»։
«Սկզբունքը հետևյալն է․ երկուսից մեկը՝ կամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է օրենքը խախտել, ժամանակին չի ներկայացրել հանձնաժողովի զեկույցը, կամ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն է խախտել օրենքը և զեկույցը չի հրապարակել։ Մեզ համար տարբերություն չկա, մեզ համար կարևորը զեկույցի հրապարակումն է»,- ասաց Հարություն Բաղդասարյանը՝ հավելելով, որ զեկույցը չհրապարակվելու իրավական հիմքեր չկան։
Նախկինում հնչած բացատրությունները, թե տեխնիկական խնդիր է եղել, ցուցարարներին չեն բավարարում։
«Ցանկացած դեպքում մենք ելնում ենք նրանից, որ հանձնաժողովը ձևավորվել է իրավունքի ուժով։ Իրավունքի ուժով սահմանադրական օրենքի ստեղծած հանձնաժողովը պետք է անպայման Ազգային ժողովում իր զեկույցը հրապարակի, անկախ նրանից, թե իրենք ինչպես են մեկնաբանում․ նախկինում ինչպես էին մեկնաբանում։ Հիմա պետք է սպասենք, թե նոր Ազգային ժողովն ինչպես է մեկնաբանելու․ մենք գտնում ենք, որ զեկույցը պետք է հրապարակվի»,- ասաց Հարություն Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խնդիր ունի կոծկելու 44-օրյա պատերազմին առնչվող մի շարք դետալներ։
«Նոր Ազգային ժողով է ձևավորվել, նոր քաղաքական ուժեր են Ազգային ժողովում հանդես գալիս, և մենք կուզենայինք նաև իրենց դիրքորոշումն իմանալ այս հարցի շուրջ։ Ցանկացած դեպքում մենք մեր պայքարը շարունակելու ենք արտախորհրդարանական ճանապարհով։ Ենթադրում ենք, որ խորհրդարանի որոշակի անդամներ անպայման այս հարցը կբարձրացնեն Ազգային ժողովում»,- հավելեց փաստաբանը։
«Ամեն դեպքում, մենք մեր պայքարը շարունակելու ենք․ իրականացնելու ենք հրապարակային ակցիաներ, գործողություններ, և չի բացառվում, որ այդ ամբողջը կարողանա նաև ունենալ մեծ ժողովրդական շարժման ալիք, որովհետև, ցանկացած դեպքում, պարզ չեն պատերազմի սանձազերծման պատճառները և դրանց հետևանքները»,- հավելեց փաստաբանը։
Ցույցի մասնակիցները լրագրողներին փոխանցեցին, որ այսօրվա ակցիան գարնանը մեկնարկած ակցիաների շարունակությունն է․ «Ցավոք սրտի, ընտրությունները ինչ-որ կերպ հետաձգեցին գործընթացը, Ազգային ժողովը լուծարվեց, մեր պահանջը մնաց անկատար։ Սակայն այսօր արդեն ունենք նոր Ազգային ժողով և մեկնարկ ենք տալիս նոր պահանջների՝ նոր ֆրակցիային, նոր Ազգային ժողովի նախագահին, նոր անվտանգության հանձնաժողովի ղեկավարին և բոլորին, ովքեր նախորդ հարցից տեղյակ էին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: