Մենք զգում ենք, որ ՔՊ-ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ հայ ընտանիքի վրա ձեռք բարձրացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ուղարկվեն Ազգային անվտանգության ծառայության նկուղ և տասնամյակներ շարունակ այնտեղ մնան։ Նա հավելեց, որ ԱԱԾ նկուղը հենց նման մարդկանց համար է նախատեսված, այլ ոչ թե հայ բարերարների ու ընդդիմադիր գործիչների։
Կարապետյանն արձանագրեց, որ քաղաքացիներից ոչ մեկին չեն զգուշացրել գյուղ թափանցած ադրբեջանցի զինվորականի մասին, և որ որևէ որոնողական աշխատանք չի իրականացվել։ «Իշխանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչո՞ւ պետք է հայ կինն իր տան մեջ ադրբեջանցի զինվորականի տեսներ։ Էլ ավելի վատ է, եթե նրանց զգուշացրել էին ադրբեջանցու ներթափանցման մասին, բայց իշխանությունները ոչ մի քայլ չեն արել։ Նրանք ամեն ինչին մատների արանքով են նայում»,- ընդգծեց նա։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ իշխանությունները գտել են օրակարգը փոխելու ավելի հեշտ տարբերակ․ երկու քաշքշուկ խորհրդարանում, և օրակարգն արդեն փոխված է։ «Բայց խնդիրը մնում է. եկավ մի ադրբեջանցի, ու պետությունը չկարողացավ լուծել անգամ այդ մեկ ադրբեջանցու հարցը։ Ինչպե՞ս են նրանք լուծելու հազարավոր ադրբեջանցիների հարցը այն դեպքում, երբ Ադրբեջանում դեռ մանկապարտեզից ու դպրոցական նստարանից հակահայկական քարոզչություն է տարվում։ Ադրբեջանցիները խոստանում էին դատել նաև հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց նրանից հերոս սարքեցին։ Հայ ժողովուրդը գիտի, որ հայերին վնաս տված ադրբեջանցիներին հայրենիքում հերոսացնում են։ Բացի այդ, կար մի ադրբեջանցի, որը շրջում էր աշխարհով մեկ ու պարծենում հայերի սպանությամբ, բայց Հայաստանի ԱԱԾ-ն մինչև հիմա այդ անձով չի զբաղվել։ Նրանք ներթափանցում են Հայաստան՝ լավ իմանալով, որ հայերին վնասելուց հետո իրենց կարտահանձնեն և կհերոսացնեն Ադրբեջանում»,- պարզաբանեց խմբակցության ղեկավարը։
Նա կրկին շեշտեց, որ որոնողական հնարավորությունների առումով Սյունիքի մարզը պետք է ամենաակտիվը լինի։ «Իշխանությունները պարգևավճարներ ստացող հսկայական պետական ապարատ են կառավարում, բայց անվտանգության խնդիրը չեն կարողանում լուծել. ստացվում է՝ այդ հարցը շնե՞րը պետք է լուծեն»,- հարցադրում արեց Նարեկ Կարապետյանը։