Ազգային ժողովում բախումներն ու անցանկալի այլ միջադեպերը վատ ազդակ են հասարակության և առավել ևս բանակի համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի տեղեկալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր խմբակցության միջև վեճը սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորից, որին չէին կարող չարձագանքել։ Նա անթույլատրելի համարեց նաև կառավարող խմբակցության պատգամավորների վարքագիծը՝ դրանում տեսնելով տեղի ունեցած մի շարք միջադեպերի պատճառը։
«Մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում բանակում ծայրահեղ անհանգստացնող դեպքեր, երբ մենք տեսնում ենք կանոնադրական հարբերություններից դուրս իրավիճակ, որն էլ հանգեցնում է մահվան դեպքերի։ Այս ամենը ոչ հարիր բարքերի հետևանքն է։ Եթե ԱԺ–ն է նման ազդակ տալիս, բնական է, թե ինչ աստիճան տարածում կստանան։ Կարծում եմ` ամեն ինչ հստակ է ու գիծը պետք է պահվի։ Ի դեպ, դա օրենքն է ասում»,– նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր 3 անգամ մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։