«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ծառայողական քննություն կսկսվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների այն օգնականների նկատմամբ, որոնք փորձել են ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ ու մասնակցել միջադեպին, հայտնում է Sputnik Արմենիան:

Մինչ այդ խորհրդարանում իրավիճակը լարվել է, ինչից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել։ Բախումը շարունակվել է նաև Ազգային ժողովի միջանցքում։

«Նման դեպքի կրկնություն այլևս երբեք ես թույլ չեմ տալու»,– վստահեցրել է նա։

Դրանից հետո Ազգային ժողովն անցել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը։

Մինչ այդ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ղեկավարները հայտարարել են, որ չեն մասնակցելու «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի» ստեղծման և դրա անդամների թվի վերաբերյալ քննարկմանը։

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է, հրմշտոց է սկսվել: 2 անգամ ընդմիջում է հայտարարվել: Իրավիճակը դահլիճում կրկին լարվել է ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանել է ավազանի անունով։ Որպես բողոքի նշան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսել են խփել սեղաններին։

Leave a comment