ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել է, որ եթե ՔՊ խմբակցությունը կողմ չքվեարկի իրենց նախաձեռնած քննիչ հանձնաժողովի կազմի հաստատմանը, կնշանակի, որ իշխանությունը կոծկում է բանակում մահացությունների դեպքերը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այսօր հանդես է գալու առաջակով՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած դեպքի եւ բանակում ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության նպատակով։
ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ՔՊ-ն կողմ կքվեարկի՞ ընդդիմության առաջարկին։ «Այդ հանգամանքները բացահայտվում են իրավասու մարմինների կողմից, դրանց համար կան պետական մարմիններ, քննիչ հանձնաժողովը չպետք է բացահայտի, թե բանակում ինքնասպանություններն ինչի հետեւանք են։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, քրեական գործեր կան հարուցված»,- ասաց Վոլոդյա Հակոբյանը։
Հարցին, թե ՔՊ-ի համար ավելի կարեւոր է ԱԺ-ում քննարկման թեմա սարքել կաթողիկոսի երեխա ունենալ-չունենալու հարցը, բայց բանակում մահացությունների հարցով քննիչ հանձնաժողով չստեղծե՞լ, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ «Ինչպես ասացի՝ բանակի հետ կապված խնդիրների դեպքում կան իրավասու պետական մարմիններ, կան հարուցված քրեական գործեր, կան դրանցով զբաղվող մարդիկ։ Բանակում ռեֆորմներ են իրականացվում, իսկ եկեղեցիում այդ ռեֆորմները այն մարդիկ, ովքեր իրավասու են իրականացնել, չեն իրականացնում, որովհետեւ իրենց ձեռնտու չէ իրականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտի ներխուժմանը ՀՀ տարածք՝ Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ ներթափանցումները ամբողջությամբ բացառել հնարավոր չէ։ Հարցին, թե քննարկվո՞ւմ է ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու հարցը, Հակոբյանը պատասխանեց, որ դա ԱԺ տիրույթից դուրս հարց է։
Անդրադառնալով Շաքիի դեպքից հետո ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությանը եւ հարցին, թե իրավասու կառույցների ղեկավարները չպե՞տք է հրաժարական ներկայացնեն, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ «Ես չգիտեմ, թե ԱԱԾ տնօրենի տեղակալն արդյոք պատասխանատո՞ւ է սահմանախախտումների հետ կապված հարցերի համար, թե չէ, բայց կարծում եմ, որ ԱԱԾ-ի որոշ հատված թերացել է իր աշխատանքում, որովհետեւ զինված ադրբեջանցի զինվորը երկու օր շրջել է Հայաստանի տարածքում, եւ համապատասխան մարմինները չեն հայտնաբերել ու ձերբակալել»։
Միաժամանակ նա ասաց՝ սահմանը շատ է երկարել, եւ անհնար է, որ մետր առ մետր վերահսկվի։
Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջին՝ նա ասաց․ «Ես չեմ կարծում, որ այդպիսի կարիք կա»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: