«Սա հակասահմանադրական է, ուղիղ միջամտություն եկեղեցու ներքին կյանքին»․ Աննա Գրիգորյանը՝ «եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Դուք երբևէ մտաբերո՞ւմ եք, որ խորհրդարանի քառօրյան օրակարգում ունենա մեկ հակասահմանադրական հարց, և ընդամենն օրակարգում լինի մեկ հարց»,- ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ քառօրյայում հակասահմանադրական հարց չկա․ «Կա երկու հարց, մնացածի հարցով դիմեք խորհրդարանական վիճակագրություն վարողներին»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ, իր ելույթում դիմելով Ռուբեն Ռուբինյանին, ասաց․ «Քիչ նիստերի եք ներկա եղել, ինքներդ չեք ուզում ԱԺ նախագահի պարտականությունները կատարել, եթե չեք ուզում աշխատել, ինչի՞ եք մնացել այդ կարգավիճակում։ Գրքի շնորհանդեսների մասնակցելու համար պետք չէ ԱԺ նախագահ լինել»։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց․ «ԱԺ օրակարգում ներառված է մի հարց, որը եկեղեցու ներքին հարցերին է վերաբերվում․ քննիչ հանձնաժողով եք ձևավորում։ Մենք դա համարում ենք հակասահմանադրական և ունենք դրա բոլոր հիմքերը։ Իրավական հիմնավորումներ բերեք, թե ինչու պետք է ԱԺ-ում նման քննիչ հանձնաժողով ձևավորվի՝ հաշվի առնելով, որ կրոնական կազմակերպությունները և պետության հարաբերությունները կարգավորող օրենքի 17-րդ դրույթն ասում է՝ ՀՀ եկեղեցին անջատված է պետությունից, պետությունը չի միջամտում եկեղեցու ու կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին, իսկ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին»։

Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է, այն օրենքի ուժով է ստեղծվել։ Եթե համաձայն չեք, որ քննիչ հանձնաժողովի առարկան վերաբերվում է ԱԺ իրավասության ոլորտներին, կարող եք վիճարկել։ Գոյություն ունի ՀՀ-ի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենք, և քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկած պատգամավորներն առաջարկել են ստեղծել քննիչ հանձնաժողով, որ ասում են՝ եկեք հասկանանք՝ հայ առաքելական սուրբ եկեղեցում կա՞ ճգնաժամ, որի արդյունքում հայ առաքելական սուրբ եկեղեցին չի կատարում իր առաքելությունը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ելույթով անդրադառնալով «եկեղեցու ճգնաժամի» հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելուն, ասաց․ «Սահմանադրությունը հստակ սևով սպիտակի վրա գրել է, որ պետությունը և եկեղեցին իրարից անջատ են։ Սա հակասահմանադրական և հակապետական է։ Հակասահմանադրական է այն առումով, որ եկեղեցին և պետությունն անջատ են, հակապետական ու հակազգային, որովհետև քանդել եկեղեցու հիմքերը, նշանակում է ազգը դարձնել խոցելի և երկրում ստեղծել ՔՊ-ական դիկտատուրա»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment