Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունից հետո դահլիճում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանն ամբիոնից հայտարարեց եկեղեցում տասնամյակներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունները քննող հանձնաժողովի ստեղծման մասին։

Չախոյանն իր ելույթում հայտարարեց, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը քննելու է եկեղեցում տասնյակ տարիներ տեղի ունեցած բոլոր ապօրինությունները։ Նա մեղադրանքներ հնչեցրեց  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հասցեին՝ պնդելով, թե նա դրժել է կուսակրոնության ուխտը։

Ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները տեղերից արձագանքեցին, ինչի հետևանքով դահլիճում իրավիճակը կրկին լարվեց։ Չախոյանը տեղից գոռացող ընդդիմադիրներին դիմելով՝ ասաց․ «Հանգի՛ստ նստեք տեղներդ, հանգի՛ստ նստեք տեղներդ․․․ արի՛, արի՛ ստեղ, արի՛ տեսնեմ՝ ինչ ես ասում, արի՛ տեսնեմ՝ ինչ ես ասում․․․»։

Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը և կարգի հրավիրել դահլիճին։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին նախազգուշացում հայտարարվեց՝ տեղից հնչող դիտողությունների համար․ «Տիկի՛ն Վարդանյան, լռե՛ք․․․ չենք կարող ոչ մի բան պայմանավորվել, հա՞․․․ Արթուր Խաչատրյանը երեկ ինչի՞ էր եկել իմ հետ պայմանավորվում․ Արծվիկ Մինասյանին, որ առաջադրեք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, կընտրե՞նք, թե չէ»։

Ռուբինյանը նաև ընդգծեց, որ եթե ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին թույլատրվել է խոսել քննիչ հանձնաժողովի մասին, ապա նույն իրավունքն ունի նաև Տարոն Չախոյանը։

Իր ելույթի երկրորդ հատվածում Չախոյանը պնդեց, որ Մայր Աթոռը վերածվել էր «Քոչարյանի նախընտրական շտաբի»։ Նա հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր ապօրինությունները, այդ թվում՝ ֆինանսական չարաշահումներն ու վաշխառությունը․ «Քննիչ հանձնաժողովը օրենքի ուժով ստեղծվել է, և քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր տեսակի ապօրինությունները, որ տասնամյակներ շարունակ եկեղեցում եղել են։ Բոլոր տեսակի․ ոչ մեկ չի պլստալու ու ոչինչ չի պլստալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment