Carlsberg-ը գնում է PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում

«Ազատություն». Դանիական Carlsberg ընկերությունը, որ աշխարհի խոշորագույն ալկոհոլային ու ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրողներից է, մտադիր է գնել PepsiCo-ի գործարանները Հայաստանում ու Վրաստանում։ Ավելի վաղ ընկերությունը նման գործարք էր իրականացրել Ադրբեջանում, դառնալով PepsiCo-ի շշալցողը այդ երկրում։

Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նոր պայմանագրով Carlsberg-ը պատասխանատու կլինի Հայաստանում ու Վրաստանում PepsiCo-ի արտադրության, շշալցման, վաճառքի համար:

Ո՞ւմ է պատկանում Pepsi-ի հայաստանյան բիզնեսը

PepsiCo-ի վրացական ներկայացուցիչը Iberia Refreshments ընկերությունն է, իսկ Հայաստանում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա» ընկերությունը։ Այս երկու ընկերությունների սեփականատերն էլ Revery Group-ն է, որի խոշոր սեփականատերերից է Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը։

Revery-ի կայքում որպես ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն նշվում է Հայկ Սարգսյանը՝ Արմեն Սարգսյանի որդին։ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի կոլա բոթթլեր Արմենիա»-ի բաժնետերերի ցանկում է նաև ղազախ խոշոր գործարար Ալմաս Սուլթանգազին, ով Արմեն Սարգսյանի բիզնես գործընկերներից է։ Carlsberg-ի հետ համագործակցությունը նոր չէ Սարգսյանների համար. նրանց պատկանող «Պրեմիեր ֆուդս»-ը Carlsberg գարեջրի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Մկրտիչ Կարապետյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment