Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիայի ընտրանու դեմ արտագնա հանդիպումն ավարտել է 0:0 հաշվով և կորցրել է խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունը։
Պոդգորիցայում անցկացված հանդիպումն ընթացել է հավասար պայքարում, իսկ թիմերը իրական գոլային հնարավորություններ գրեթե չեն ստեղծել։ 86-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով՝ ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Ստեֆան Լոնչարի հեռացման հետևանքով, գրում է Factor.am-ը:
C լիգայի երկրորդ խմբի մյուս հանդիպման ժամանակ Կիպրոսի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի նկատմամբ։ Չորրորդ տուրի ավարտից հետո խմբային աղյուսակը 10 միավորով գլխավորել է Չեռնոգորիան, Կիպրոսը վաստակել է 7, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1 միավոր։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 12-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Դրանից երեք օր անց կայանալու է նաև Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին հանդիպումը՝ Լատվիայի ընտրանու դեմ։