Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը։

Նշվում է, որ ներկայում ներդրված չէ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տվյալների միասնական բազա, սահմանված չեն նաև պետական մարմինների և մասնավոր անձանց միջև անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համապատասխան մեխանիզմներ։ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության միասնական և համակարգված վարման, ինչպես նաև այդ տեղեկատվության արդյունավետ փոխանակման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ստեղծել և վարել Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր:

Նախագծով առաջարկվում է սահմանել ռեեստրի կառուցվածքը, դրանում հաշվառման ենթակա տվյալների շրջանակը, ռեստրի վարման կարգը, դրանում առկա հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը, ռեեստրում առկա տվյալներին հասանելիություն ունեցող պետական մարմինները։ Ռեեստրը վարելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, որը պատասխանատու է դրա շահագործման, տվյալների հավաքագրման, վարման, մշակման, պաշտպանության, օգտագործման և տարածման համար։ Ռեեստրում տվյալները ձևավորվելու են Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։ Միաժամանակ, յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատվության փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։

Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեում ծախսերի ավելացման՝ պայմանավորված ռեեստրի ձևավորման և ներդրման աշխատանքների իրականացմամբ, որոնք ենթակա են հետագա գնահատման և հաշվարկման:

Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի անհայտ կորած անձանց հետախուզմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment