Ձորակապի բնակիչն՝ անվերջանալի քաշքշուկների մեջ․ «Հյուսիս-Հարավ» մայրուղին կառուցելիս՝ նրան ահռելի վնասներ են հասցվել

Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Արտավազդ Կիրակոսյանը (անուն-ազգանունը փոխվել է` ՌԴ-ում դեպորտը վերացնելու նպատակով, նախկինում եղել է Արտավազդ Բաղդասարյան, թեև, ըստ բնակչի, իրեն գյուղում գիտեն որպես Վալերի Բաղդասարյան) «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման, մասնավորապես՝ Լանջիկ-Մարալիկ հատվածի շինարարության ժամանակ մեծ վնասներ է կրել․ կառուցապատում իրականացրած չինական ճանապարհաշինական կազմակերպությունը՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, առանց որևէ թույլտվության՝ օգտագործել է նրա ու ևս 3 բաժնետերերի պատկանող 0,950 հա մակերեսով վարելահողը՝ ծանր մեքենաներ մտցնելով, քարակույտերի, շինանյութերի բեռնաթափումներ կատարելով։ Արդյունքում այդ ընկերությունը վնասել է հողամասում գտնվող ոռոգման ցանցը, այնուհետ վնասել նաև կենտրոնական ջրագծի խողովակաշարի որոշակի հատված։

«Խոստացան սևահող բերել, լցնել, ասացին՝ կմաքրենք, կբարելավենք հողի բերրիությունը, կվերականգնենք ջրագիծը, չարեցին։ Այդ հողամասում ես հիմնականում սխտոր եմ ցանել, մոտ 300 տնկիներ ունեի, փաստաբանի անուշադրության կամ անգիտակցության պատճառով, դա էլ բաց թողեցինք, դատական գործի մեջ չներկայացրեցինք, նույնիսկ խաղողի վազ կա, դամբուլի, ծիրանի ծառներ կային, հիմա չորացած, շարքից դուրս եկած են, ի՞նչ պետք է լինեն։

Լավ հիշում եմ՝ 2018 թվականի փետրվարի սկիզբն էր, հանդիպում եղավ Ձորակապի համայնքապետարանում Ձորակապի ու Լանջիկ գյուղերի բնակիչների հետ, որոնք տուժել էին չինական կազմակերպության գործունեությունից։

Պարզվեց՝ ամենամեծ, ծանր խնդիրը իմն էր, չինացիներն էին նստած, թարգմանիչ էլ կար, ես ներկայացրեցի, ասացին՝ չի կարող նման բան պատահել, ես էլ հակադարձեցի, թե այ ընկեր, եկել, էստեղ նստել եմ դասական կլյաուզնի՞կ եմ, եկել-կլյաուզա եմ անո՞ւմ։ Մի հոգի էլ ասաց՝ էդպես է ստացվում, վիրավորվեցի, ասի՝ կդիմեմ դատարան, թող դատարանը պարզի։ Մի հոգի էլ ասաց՝ ուր ուզում ես դիմիր, գիտես՝ պտի հաղթե՞ս»,-պատմեց մեր զրուցակիցը։

Հողամասն ունի չորս բաժնետերեր, սկզբում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի դեմ դատարան է դիմել Վիկտոր Բաղդասարյանը, վեճի առարկայի նկատմամբ որպես երրորդ անձ՝ պատասխանողի կողմում, հանդես է եկել ինքնուրույն պահանջներ չներկայացնող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Արտավազդ Կիրակոսյանի ձևակերպմամբ՝ իր փաստաբանի վատ որակի պատճառով դատարան ապացույցներ քիչ են ներկայացվել։ Ավելին, դատական նիստի նախորդ օրը՝ չինական ընկերությունը խորամանկության է դիմել, սկսել է ջրագծի վրա աշխատանք տանել, բայց իրականում այստեղ էլ խաբել են իրենց։

«Հաջորդ օրը գնում ենք դատի, ասում են՝ ոռոգման գիծը միացրել են, բաժնետերերից Վիկտոր Բաղդասարյանն էլ հաստատում է, որ ճիշտ է, միացրել են։ Բայց հողի վիճակը նույնն է, սրանք խորամանկորեն 200 միլիմետրանոց խողովակները փոխարինում են հին՝ օգտագործված 75 միլիմետրանոց խողովակներով, որոնք փաստացի հիմա առկա են, դրանք ճնշմանը չեն դիմանում, չեն աշխատում, միանգամից իմ հողամաս չեն էլ մտցնում։ Մենք մինչև դատարանից գալիս ենք, տեսնում ենք, որ կիսատ-պռատ են արել գործը, փաստացի մեզ խաբում են։

Հետո անցնում է 10-15 օր, սրանք կենտրոնական գծից եկող խողովակն են ամբողջությամբ կտրում, շպրտում մի կողմ ու սկսում են իրենց աշխատանքները ու առ այսօր այդ վիճակն է, վտանգավոր վիճակ է ստեղծվել, այս մարդիկ նաև պետական հանցագործություն են կատարել»,-պատմում է Արտավազդ Կիրակոսյանը։

Նա 2018 թվականից դատական գործընթացների մեջ է․ պահանջում է իր վնասի փոխհատուցումը, հաշվարկը կատարվել է՝ ըստ սխտորի միջին բերքատվության, մի տարվա արժեքը 14 միլիոն դրամ է հաշվարկվել։ Այսինքն՝ Արտավազդ Կիրակոսյանին չինական ճանապարհաշինական ընկերությունը մեկ տարվա կտրվածքով այդքանի վնաս է պատճառել։ Նա երեք տարվա վնասի փոխհատուցում է պահանջել, սակայն արդեն 9 տարի է՝ այդ հողամասը չի ցանում։

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, հայցվորները դատարանին խնդրել են «Սինոհիդրո Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Արտավազդ Կիրակոսյանի և Անժելա Բաղդասարյանի բռնագանձել 46.799.940 /քառասունվեց միլիոն յոթ հարյուր իննսունինը հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասների հատուցում։

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավորը եղել է Գուրգեն Մալխասյանը) ու Վերաքննիչ դատարանը չեն բավարարել նրանց պահանջը։ Ավելին, Արտավազդ Կիրակոսյանի դժգոհելով՝ անգամ պետական տուրքը՝ մոտ 2 միլիոն դրամ չափով, թողել են արդեն իսկ տուժած հայցվորների վրա։ Մեր զրուցակցի ասելով՝ դատական նիստերին չինական ընկերությունը որևէ ներկայացուցիչ չի ուղարկել։ Այժմ մտադիր են դիմել Վճռաբեկ դատարան։

Տուժած բնակչի ասելով՝ ինքը դարձել է դատաիրավական համակարգի գերին։

«Չգիտեմ՝ գուցե Վճռաբեկ դատարանում ազնվություն կա՞, պարտքերի ու վարկերի տակ ենք ընկել, պետական տուրքն անգամ թողել են մեր վրա։ Արդեն 9 տարի՝ խնդիրը չի լուծվում, նույն խաբեությունը, նույն քաշքշուկները»,-ասում է Արտավազդ Կիրակոսյանը։

Ըստ նրա, վիրավորական է նաև այն, որ թեև իր անվանափոխության հետ կապված առկա է տեղեկանք, այն ներկայացվել է դատարան, սակայն դատավորը կասկածել է, որ Վալերի Բաղդասարյանը նույն Արտավազդ Կիրակոսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment