Սեպտեմբերին Պարսից ծոցի նավթ արտահանող երկրներին հաջողվել է արտահանման ծավալներով հասնել մինչպատերազմյան մակարդակին: Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ տարածաշրջանից հում նավթի արտահանման յոթնօրյա միջին ցուցանիշը կազմել է օրական 18.3 միլիոն տակառ:
Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է Սաուդյան Արաբիայի ակտիվությամբ, որը նավթի բեռնումներ է իրականացրել ինչպես Կարմիր ծովից, այնպես էլ Պարսից ծոցից: Ըստ Vortexa ընկերության ավագ վերլուծաբան Քսավիե Թանգի՝ սաուդյան կողմը մեծացնում է ծավալները Մերձավոր Արևելքի այլ երկրներից շուկայի իր բաժինը հետ վերադարձնելու նպատակով, ինչը նաև թեթևացնում է նավթային շուկայի լարվածությունը ասիական վերամշակողների համար:
Չնայած ցուցանիշների վերականգնմանը, Marisks հետախուզական ծառայությունը զգուշացնում է, որ Հյորմուզի նեղուցով անցնող նավերը բախվում են անանխատեսելի ու աճող սպառնալիքների: Վերջին շաբաթվա ընթացքում տանկերների վրա հարձակման առնվազն յոթ դեպք է արձանագրվել: Հոկտեմբերի 1-ին նեղուցում հարվածի է ենթարկվել Kazimah III տանկերը, իսկ հոկտեմբերի 4-ին Օմանի ափերի մոտ վնասվել է Lipsi տանկերի մեքենայական բաժինը: Երկու դեպքում էլ անձնակազմի շրջանում զոհեր չկան:
Marisks-ի գնահատմամբ՝ իրանական ուժերը կարող են հրթիռներ արձակել նախապես նշված թիրախային գոտիներ, որտեղ զենքն ուղղորդվում է ռադարային ազդանշաններ որսալու միջոցով: Մինչ հակամարտության սկիզբը Հյորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 125 խոշոր առևտրային նավ, ինչը ապահովում էր համաշխարհային նավթի և հեղուկացված գազի մատակարարումների շուրջ 20 տոկոսը: