ԱԱԾ-ն առաջարկում է անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների միասնական ռեեստր ստեղծել։

E-draft.am հարթակում շրջանառության է դրվել «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ստեղծելու, ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, ռեեստրում առկա՝ հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

«Նախագծի ընդունման արդյունքում կձևավորվի ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց էլեկտրոնային տվյալների միասնական բազա, ինչը կնպաստի անհայտ կորած անձանց հետախուզմանը, նրանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախատեսվում է, որ ռեեստրում տվյալները ձևավորվելու են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ համապատասխան տեղեկատվական համակարգերից ստացված տեղեկությունների հիման վրա։

Միաժամանակ յուրաքանչյուր անձ, որը տիրապետում է անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների, հնարավորություն է ունենալու տեղեկատ¬վու¬թյան փոխանցման իրեն հասանելի ցանկացած միջոցներով (թեժ գիծ, էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ, պաշտոնական էլեկտրոնային փոստ, գրավոր դիմում, պաշտոնական գրություն և այլն) այդ տեղեկությունը փոխանցել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ ռեեստր մուտքագրելու նպատակով։

ԱԱԾ-ն ռեեստրի հասանելիություն է ունենալու ամբողջական ծավալով։ Բացի այդ, ռեեստրում պահպանվող տվյալների հասանելիություն են ունենալու նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունները, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից կարճ ժամանակ անց Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո՝ ևս 22 մարդ։

Sputnik Արմենիա

Leave a comment