McLaren ընկերությունը վերջերս ներկայացրել է իր նոր տարբերանշանը։ Միաժամանակ ընկերությունը հայտնել է, որ մշակում է իր առաջին քրոսովերը։ McLaren-ը նաև հայտարարել է արդիականացման ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում երկրորդ ձեռնարկության գործարկման և ածխածնային մանրաթելից արտադրանքի արտադրության կազմակերպման միջոցով։
Այժմ հայտնի է դարձել, որ ընկերությունն այսքանով չի սահմանափակվելու։ McLaren-ը գրանցել է Remuera և Muriwai երկու նոր ապրանքային նշան։ Հավանաբար, երկու անվանումներն էլ նախատեսված են բրիտանական ապրանքանիշի ապագա նոր մոդելների համար։ Եթե այս ենթադրությունը հաստատվի, ապա դա կլինի ևս մեկ արմատական որոշում, որը McLaren-ը վերջին շրջանում ընդունել է, քանի որ բրիտանական ընկերությունն իր ավտոմեքենաներն անվանում է ինդեքսներով՝ P1, W1 և այլն։
Remuera և Muriwai անվանումները պատահականորեն չեն ընտրվել։ Դրանք, ինչպես և թարմացված լոգոն, հղում են անում ապրանքանիշի հիմնադիր Բրյուս Մաքլարենին։ Նա ծնվել է նորզելանդական Ռեմուերա քաղաքում։ Այնտեղ էր գտնվում նաև Մաքլարենի բենզալցակայանը, որի ցուցանակից McLaren-ի դիզայներները վերցրել են ապրանքանիշի նոր լոգոյի գաղափարը։ Իսկ Մուրիվայը Նոր Զելանդիայի քաղաք է, որտեղ բրիտանական ընկերության հիմնադիրն առաջին անգամ հանդես է եկել որպես ավտոարշավորդ։
Թե ինչպիսին կլինեն McLaren-ի մշակած նոր ավտոմեքենաները, առայժմ հայտնի չէ։ Ընկերությունը միայն ընդգծել է, որ սուպերմեքենաները կառուցվելու են սեփական պլատֆորմի հիման վրա։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։