«Ես կարծում եմ՝ նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները, քանի որ բոլոր դեպքերում նշվածը հանդիսանում է հայ-ռուսական հարաբերություններին, կամ դրա շրջանակներին վերաբերող պաշտոնական անձանց կողմից հայտարարություն»,-ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նիստից հետո ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանին ուղիղ սպառնալիք չէ վերջերս Դմիտրի Մեդվեդեւի տարածած հայտարարությունը, թե ամենասարսափելին, ինչ կարող է լինել Հայաստանի հետ՝ Ուկրաինայի վերածվելն է։ Նաեւ համեմատական է տարել Վրաստանի օրինակի հետ՝ հիշեցնելով, որ Արեւմուտքի գործոնը հանգեցրեց նրան, որ Վրաստանում եղան բախումներ։
«Իշխանությունները պետք է նշվածին արձագանքեն։ Որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է իրականացվի այնպես, որ ընդհանրապես նման հայտարարություններ չլինեն, որ ընդհանրապես չհանգենք մի այնպիսի իրավիճակի, որ Հայաստանի հետ դիալոգը իրացվի կամ-կամերի տրամաբանությամբ, միանշանակ է։ Հետեւաբար, այդ տեսանկյունից ես կրկին կասեմ, որ չեմ կարծում, թե նշված հայտարարությանը գնահատական տալու կամ անդրադարձ կատարելու գործառույթ ստանձնենք մենք։
Ի վերջո, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրացնում են օրվա իշխանությունները։ Այլ հարց, որ եթե նշվածի պատասխանատուն լինեինք մենք՝ «Ուժեղ Հայաստանը», ապա ՀՀ-ն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ ունենալու էր այնպիսի հարաբերություններ, որ ընդհանրապես նման հարցադրում դուք մեզ չէիք ներկայացնի։ Ես բոլոր դեպքերում կարծում եմ, որ նշվածը ինքս չպետք է մեկնաբանեմ։
Ի վերջո, ամենաբարդ հարցերից մեկը նաեւ հետեւյալն է; Հայաստանի իշխանությունների քայլերը այնպիսին են, որ բոլորս չէ, որ տեսնում ենք, թե որոնք են այդ քայլերը։ ՀՀ արտաքին քաղաքականության թե շերտերը, թե ուղղությունները, մեղմ ասած, բավականին հախուռն են։ Եթե դուք ընդհանրապես հետեւեք հայտարարություններին, որոնք ներկայացվում են, նույնիսկ կտեսնեք իրավիճակ, որ մեկը մյուսին հակասում են։ Բայց ամփոփելով՝ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես սպառնալիքները ընդունելի չեն։
Բայց նաեւ մեկ հանգամանք պետք է ընդգծեմ; Այդ սպառնալիքները վերջին ժամանակաշրջանում առավելապես գալիս են Ադրբեջանից։ Եվ դրանց վերաբերյալ էլ պատասխաններ ներկայացնելու պարտականությունը կրկին օրվա իշխանությունների տիրույթում է»,-ասաց Արամ Վարդեւանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: