Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել. պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն. Արփի

Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը վիրահատել են։

 

Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։
«Վիրահատությունն արել են, փշրված ոսկորն են հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին։ Բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել, որ ասկոլկաներ էլ կան։ Բժիշկը բացատրեց, ասաց, որ երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել դեռ ու պայքարում են ոտքը փրկելու համար։ Մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի, սրանից հետո դեռևս 3 բարդ վիրահատություն պետք է լինի, 8 ամիս հետո կրկին վիրահատություն է սպասվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արփի Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է Շաքիի բնակավայրի վարչական ղեկավարի ասածներին, որ «կրակոց չի եղել, միայն կնոջ սրունքն է մի փոքր վնասվել», Արփի Ավետիսյանը զայրացավ.

 

«Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, խոսում եմ բժշկի հետ, հիմա վարչական ղեկավարի՞ն պետք է հավատան, թե՞ մեր տեսածին։ Ասենք՝ հիմա պայքարում են Անիի ոտքը փրկելու համար, ասում են՝ կրունկն է վնասված, ո՛չ մեկը չի գալիս, ո՛չ մեկը չի հետաքրքրվում։ Տեսանյութերով էլ են ցույց տալիս, չե՞ն տեսնում՝ որ մասն է վնասված»։
Արփիի հետ զրուցելուց հետո, զրուցեցինք նաև Արփիի ամուսնու հետ, նա ասաց, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։«Հիմա մեր ամբողջ խնդիրն Անիի ոտքը պահելն է, թե ինչ է ասել գյուղապետը՝ մեզ չի հետաքրքրում։ Ասում էին՝ Անին դանակն առել, ընկել է այդ ադրբեջացու հետևից, գնացել գոմ է մտել՝ չկա նման բան, իրենց մնա՝ ինչեր ասես կգրեն։

 

Փաստն այն է, որ այդ մարդուն տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել են, բժիկն ասում է՝ ոսկոր գոյություն չունի, փշրվել է, 14 սմ պետք է կտրեին, որ ոսկորը հեռացնեին, բայց աշխատել են մինիմալ՝ 8 սմ-ով բավարարվել, որ ոտքը չհեռացնեն։ Պայքարը ոտքի համար է, որ չսևանա ու չհեռացնեն։ Ասել է՝ ծնկի հատվածը թուլացած է, սպասում են՝ տեսնեն ոտքը սնվելո՞ւ է, դեռ չգիտեն, թե ինչպես են վերականգնելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ այս պահին դրսում բուժվելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են, մեր զրուցակիցը փոխանցեց, որ օրվա մեջ Անիի քույրերին կամ երեխաներին հազիվ 5 րոպեով թույլ են տալիս մտնել Անիի մոտ՝ տեսակցելու նրան։
«Պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն, մոտիկանան խոսեն, միայն լրագրողներն են գալիս»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարի այցին, մեր զրուցակիցը փոխանցեց, որ երեկոյան է նախարարն այցելել, երբ Անիի ընտանիքի անդամներից որևէ մեկը չի եղել հիվանդանոցում։

«Երեկոյան բացել լուսանկարն ենք նայել, որ նախարարն այցելել է Անիին, մենք նախարարին չենք տեսել։ Մենք ՔՊ-ական պատգամավորներին ևս չենք տեսել, նրանք ծնողներին չեն էլ մոտեցել։

Ինչ վերաբերում է բուժման ծախսերին, բժիշկը մեզ ասել է, որ՝ դուք որևէ բանի հետ գործ չունեք, պետությունը ծախսերը հոգացել է։ Մեզ հիմա որևէ բան հետաքրքիր չէ, միակ բանը, որը հետաքրքրում է, այդ աղջկա ոտքը փրկենք, չկտրեն։ Հարյուր հոգի զանգահարել են, ասում են՝ ինչով կարող ենք օգնել, բայց մեզ որևէ բան պետք չէ, մատները չկա՝ հասկացանք, գոնե ոտքը չհեռացնեն։ Բժիշկն էլ որ չասի, արդեն հասկանալի է, որ տարիներ են պետք, որ այդ մարդը կարողանա ոտքի կանգնի ու քայլի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

«Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

Leave a comment