Արբեջանցի զինծառայողի՝ ՀՀ տարածք անցնելու և միայն Շաքիի բնակչուհու հետ տեղի ունեցած միջադեպից հետո հայտնաբերվելու հանգամանքը պետք է դիտարկել որպես պետական գերատեսչությունների և ուժային կառույցների հանցավոր անգործություն։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Ադրբեջանցին սահմանը հատում է և ի վերջո հայտնաբերվում է միայն կնոջը կրակելուց հետո։ Սա պետք է արձանագրել որպես պետական գերատեսչությունների, իրավապահ, ուժային կառույցների հանցավոր անգործություն, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն այս իրավիճակի համար։ Բա դուք ինչի՞ համար եք։ Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար–խմբ.), դու ռիլ նկարելու համա՞ր ես։ Փաստացի անվտանգությունն ապահովելու համար ես։ Կամ Անդրանիկ Սիմոնյան (ԱԱԾ տնօրեն–խմբ.), դու ինչո՞վ ես զբաղված։ Բա որ անցել է սահմանը, ո՞նց է անցել, համապատասխան կահավորում ունեցե՞լ է առաջնագիծը, թե՞ չի ունեցել։ Վստահաբար չի ունեցել»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ Շաքիի բնակչուհին ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանել իրեն և երեխաներին, մինչդեռ քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության առաջնային գործառույթներից է։ Գրիգորյանը հիշեցրեց նաև 2023 թվականին Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցի զինծառայողների դեպքը՝ ընդգծելով, որ նրանցից մեկին նույնպես հայտնաբերել էին քաղաքացիները։ Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրաձայնեց նաև այն մասին, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողին հաջողվել հատել սահմանը և արդյոք համապատասխան հատվածն անհրաժեշտ կահավորում ու վերահսկողություն ունեցել է։
«Հենց հերթը հասնում է իրենց հայտարարությունների փաստացի թեստավորմանը, տապալվում են այդ թեստում, այդ քննության մեջ»,- շարունակեց Գրիգորյանը։
Գրիգորյանի պնդմամբ՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր զինծառայողի՝ Հայաստանի տարածք անցնելու մասին, սակայն նրան երկու օր շարունակ չէին կարողացել գտնել։ Պատգամավորը ենթադրում է, որ որոնողական աշխատանքներում ամբողջ ներուժը չի ներգրավվել՝ միջադեպի շուրջ մեծ աղմուկ չստեղծելու նպատակով։
Նա քննադատեց նաև տեղի բնակչության հետ հաղորդակցության կազմակերպումը՝ այն որակելով ռազմավարական հաղորդակցության «տոտալ տապալում»։