Սեդրակ Քոչարյանի բիզնեսում չկա որևէ գումար, որ իր օրինական բացատրությունը չունենա, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով եղբոր դեմ հարուցված քրեական գործին:
Նա հավելել է, ր Սեդրակ Քոչարյանն ամուր և պինդ է, իսկ խցում միայնակ չէ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հորս վրա ճնշումը մեծացնելու նպատակով պետք է որդուն էլ բանտարկի ու ինչ-որ արդյունքի հասնի, վստահեցնում եմ, որ նման բան չկա։ Բոլորս էլ պատրաստ ենք, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում, և այս ամենն իրենց ցանկացած արդյունքը չի՛ տալու, սա միանշանակ է։ Մնացած մասով հետագայում ավելի արդյունավետ ու իրավական ճանապարհով ցույց կտանք այս ամենի քաղաքական, շինծու բնույթը»,- ասել է Քոչարյանը
Անդրադառնալով եղբորը ներկայացված մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը նշել է, որ Սեդրակը շատ վաղ հասակից է սկսել զբաղվել բիզնես գործունեությամբ, ու սա ինչ-որ մեկ դրվագ չէ:
«Խոսքը մոտ 20 տարվա մասին է՝ դեռևս 2-րդ կուրսից սկսած։ Եվ այս մասով, ինչպես բազմիցս ասել եմ, որ բոլոր հարցերը քննարկման առարկա են լինելու դատարանում, այս մասով քննություն է գնում։ Հարկ եմ համարում ևս մեկ անգամ շեշտել, որ չկա որևէ բիզնես գործունեություն, որի սկիզբը կամ ընթացքն ապօրինի է, և չկա որևէ մեկ դրամ գումար, որի օրինական բացատրությունը չլինի»,– մանրամասնել է նա։
Միաժամանակ ընդդիմադիր պատգամավորը չի հրապարակել Սեդրակ Քոչարյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերած անձի անունը և չի հայտնել գումարի չափը։ Քոչարյանը հիշեցրել է իրենց փաստաբան Արամ Օրբելյանի ավելի վաղ արած հայտարարությունը՝ նշելով, որ նա պետք է Սեդրակ Քոչարյանի հետ քննարկի՝ արդյոք նպատակահարմար է մինչև դատական նիստը հրապարակել քննության ենթակա այդ տեղեկությունները։ Նա նաև հայտնել է, որ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններն ու դրանց հիմնավորումները ներկայացվելու են դատական նիստի ընթացքում։
Օգոստոսի 25-ին իրավապահները մտել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և խուզարկություններ իրականացրել։ Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Սեդրակ Քոչարյանը 2 ամսոսվ կալանավորվել է, իսկ օգոստոսի 27-ին դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։