Կրկին գործ ունենք շինծու քաղաքական հետապնդման հետ, որը մենք կապում ենք առաջիկայում Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ. Քոչարյան

ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում տեղ են գտել այն բոլոր խախտումները, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Զեկույցում հստակ նշվել է, որ առկա են ընտրովի քաղաքական հետապնդումներ։ Հստակ արձանագրվել է նաև ԲՀԿ-ին առնչվող խնդիրը։ Զեկույցում նշվում է, որ անհասկանալի են ԿԸՀ-ի բացատրությունները՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չանցկացնելու վերաբերյալ։

Հստակ արձանագրվել է նաև վարչական ռեսուրսի օգտագործման և նախընտրական շրջանում իշխանությունների կողմից իրականացված փոփոխությունների հարցը։ Խոսվել է սոցիալական աջակցության, առողջապահական ապահովագրության, վարորդական իրավունքի, թոշակների հետ կապված փոփոխությունների մասին։

Զեկույցում նաև հստակ նշվել է, որ իշխանական հավաքներին քաղաքացիների մասնակցությունը որոշ դեպքերում եղել է պարտադրված, ինչպես նաև արձանագրվել է Հանրային հեռուստաընկերության կողմից ՔՊ-ի օգտին կողմնակալ լուսաբանումը»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Members of the National Assembly representing the ‘Hayastan’ faction Anna Grigoryan, Levon Kocharyan and lawyer Hovhannes Khudoyan gave a press conference at the office of the second President of Armenia. Yerevan, Armenia

Նրա խոսքով՝ թվում էր, թե իշխանությունները պետք է հետևություններ անեին ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցից, սակայն դրան հաջորդեց «Հայաստան» դաշինքից Արթուր Օհանյանի կալանավորումը։

«Կրկին գործ ունենք շինծու քաղաքական հետապնդման հետ, որը մենք կապում ենք առաջիկայում Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ։ Արթուր Օհանյանը Վանաձորում էր, և հնարավորություն ուներ ակտիվ մասնակցություն ունենալու նախընտրական գործընթացներին»,- ասաց պատգամավորը։

Members of the National Assembly representing the ‘Hayastan’ faction Anna Grigoryan, Levon Kocharyan and lawyer Hovhannes Khudoyan gave a press conference at the office of the second President of Armenia. Yerevan, Armenia

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարը՝ օգտագործելով խորհրդարանական գործիքակազմը և ամրապնդելով ընդդիմության համախմբվածությունը։

«Պայքարը շարունակելու ենք՝ օգտագործելով խորհրդարանական գործիքակազմը և ընդդիմության համախմբմամբ»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment