Հասարակություն
05.10.2026 | 13:42
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի հետ քննարկել է երեխաների առողջության, զարգացման, պաշտպանության և ընտանիքների աջակցության ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Կողմերը անդրադարձել են նաև նոր հնգամյա համագործակցության ծրագրի առաջնահերթություններին։
Առողջապահության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների առողջության և բարեկեցության, նրանց զարգացման ու պաշտպանության, ինչպես նաև ընտանիքների առողջապահական աջակցության ուղղություններով իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
«Երեխաների առողջության և բարեկեցության ապահովումը մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ երկարամյա և արդյունավետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս համատեղ առաջ մղել այս ուղղությամբ կարևոր նախաձեռնություններն ու ապահովել դրանց կայուն արդյունքը։ Վստահ եմ, որ նոր ծրագիրն ամուր հիմք կստեղծի մեր համատեղ աշխատանքի հետագա ընդլայնման և սահմանված նպատակների իրականացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու համակարգված աշխատանքը՝ ծրագրով նախատեսված առաջնահերթությունները գործնական արդյունքների վերածելու և յուրաքանչյուր երեխայի համար առողջ, անվտանգ և զարգացող միջավայր ապահովելու նպատակով։
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը, որի շրջանակում առանձնացվել են չորս հիմնական առաջնահերթություններ՝ երեխաների առողջության և զարգացման խթանում, որակյալ կրթության հասանելիության ապահովում, երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդում, ինչպես նաև երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանության ու դիմակայունության ուժեղացում»։