Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիեի ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքի վրա

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինուժի հարձակման հետևանքով տուժածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական բանակը գիշերը հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի լաբորատոր շենքի և ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքի վրա։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Զապորոժիեի ատոմակայանում գիշերն անհանգիստ է եղել։ Միաժամանակ հարձակվել են 2 օբյեկտի վրա` լաբորատոր մասնաշենքի, որը գտնվում է 4-րդ և 5-րդ էներգաբլոկներից 200 մետր հեռավորության վրա, և ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքի վրա», – ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ կիրակի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Զապորոժիեի ԱԷԿ–ի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա, որի հետևանքով մահացել է վարորդը (նա ատոմակայանի աշխատակից էր)։

Ատոմակայանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արտադրական շենքերի վրա հարձակման հետևանքով տուժածներ չկան։

«Վնասվել է տանիքը։ Այս հարձակումների հետևանքով միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգ չկա», – ասված է հաղորդագրությունում։

Զապորոժիեի ատոմակայանն ամենամեծն է Եվրոպայում, ունի ՋՋԷՌ-1000 տեսակի վեց էներգաբլոկ։ Կայանը 2022 թվականի սեպտեմբերի 11-ից էլեկտրաէներգիա չի արտադրում։ Ատոմակայանի բոլոր ռեակտորները գտնվում են սառը կանգի ռեժիմում։

Կայանի օբյեկտները միավորված են «Զապորոժիեի ԱԷԿ» դաշնային պետական կառույցում և պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Օպերատորը «Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործող կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունն է, որը հիմնադրվել է «Ռոսէներգոատոմ» ընկերության կողմից (ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում):

Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը

Leave a comment