«Մենք ձևավորելու ենք ժամանակավոր անցումային կառավարություն, որը պետք է ղեկավարի երկիրը Փաշինյանի հեռացումից հետո՝ 360 օրով»․ ստեղծվեց «Սկզբունք» շարժումը

«Այսօր հայտարարում ենք մի նախաձեռնության մասին, որը պայմանավորված է մեր երկրի առաջ ծառացած խորը քաղաքական իրավիճակով և բարոյական ճգնաժամով։ Մի խումբ հայրենասեր և ազնիվ քաղաքացիներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական ուժեր, հայտարարում են «Սկզբունք» նոր համահայկական քաղաքական շարժման ստեղծման մասին։ Այս շարժման նպատակն է խաղաղ, արժանապատիվ հեղափոխության միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը վարում է ապօրինի, հակասահմանադրական և հակահայկական գործունեություն»,- «Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

Արտաշես Իկոնոմով

Նա ահազանգեց՝ վերջին տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հանգեցրել են նրան, որ պետական իշխանությունը դարձել է ամենահակահայկականը, ամենաանարդարն ու անպատասխանատուն․ «Այսօր ՀՀ-ում ձևավորվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը, այլև ակտիվորեն ոչնչացնում է ընդդիմությանը՝ սպառնալիքներով, բանտարկություններով, խուլիգանական, հակասահմանադրական վարքով ընդդեմ հայ առաքելական եկեղեցու»։

Նա կոչ արեց բոլոր ընդդիմադիր ուժերին, հայրենասեր քաղաքացիներին՝ ներառյալ սփյուռքից, միավորվել և դառնալ մեկ բռունցք, որը կկանգնեցնի այս ավերիչ ընթացքը։

Արտաշես Իկոնոմովը հայտնեց, որ այս պահին «Սկզբունք» շարժման անդամներն են «Առաջ», «Զարկերակ» և «ՆԺԱՐ» քաղաքական միավորների առաջնորդները․ «Մենք ձևավորելու ենք ժամանակավոր անցումային կառավարություն, որը պետք է ղեկավարի երկիրը Փաշինյանի հեռացումից հետո՝ 360 օրով։ Երկու ամսվա ընթացքում միավորված ընդդիմության անունից այն կձևավորվի, և կներկայացվեն կառավարության բոլոր անդամների անունները։ Այս ժամանակավոր կառավարությունը պետք է կազմակերպի ու անցկացնի հանրաքվե շարժման կողմից մշակված սահմանադրության տեքստի վերաբերյալ։ Այն կապահովի օրինականության և կարգուկանոնի վերականգնումը, ազատ կարձակի քաղբանտարկյալներին, կդադարեցնի քաղաքական հետապնդումները, կնախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ արդար ու թափանցիկ ընտրական գործընթացի միջոցով»։

«Սկզբունք» շարժման ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment