Պենտագոնը կիրակի հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները դուրս է բերել բոլոր B-1 ռմբակոծիչ ինքնաթիռները Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդ (RAF Fairford) ռազմակայանից, որտեղ կասկածելի միջադեպի պատճառով հարակից տարածքներից մարդկանց տարհանում էր իրականացվել, գրում է France 24-ը։
«Այժմ կարող ենք հաստատել, որ RAF Fairford-ում տեղակայված ամերիկյան բոլոր ռմբակոծիչները վերատեղակայվել են Միացյալ Նահանգների իրենց հիմնական ռազմակայաններում»,- հայտարարել է Պենտագոնի պաշտոնյան։
Անցած կիրակի ոստիկանություն էր կանչվել Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող ռազմակայան, այն բանից հետո, երբ տեղի ֆերմերը հայտնել էր մի քանի ֆուրգոններով տղամարդկանց խմբի մասին, որոնք, նրա խոսքով, զբաղվում էին «կասկածելի» գործունեությամբ։ Միջադեպի պատճառով ռազմակայանի հարակից տարածքում գտնվող 85 տների բնակիչներ ստիպված էին եղել տարհանվել։
Ռազմակայանն օգտագործվել է Իրանի ուղղությամբ հարվածներ իրականացնելու համար։ Միջադեպի հնարավոր դրդապատճառների վերաբերյալ ենթադրությունները տարբեր էին՝ ահաբեկչական սպառնալիքից մինչև վառելիքի գողություն, այն բանից հետո, երբ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում էներգակիրների գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի։
Քննիչները ֆուրգոններում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել, սակայն «որոշակի քանակությամբ բենզին է հայտնաբերվել», հայտարարել է Հակաահաբեկչական ոստիկանության ազգային կառույցի ղեկավար Լոուրենս Թեյլորը։
Միջադեպի առնչությամբ ձերբակալված Լոնդոնում բնակվող հինգ բրիտանացիներն ազատ են արձակվել գրավի դիմաց, ինչը Վաշինգտոնի քննադատությանն է արժանացել։
«Ես այդպես չէի վարվի»,- լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ միջադեպին, իր ենթադրությամբ, ներգրավված է եղել «օտարերկրյա դերակատար»։
Լոնդոնում Իրանի դեսպանատունը հայտարարել էր, որ «կտրականապես մերժում և խստորեն դատապարտում է» ենթադրությունները, թե Թեհրանը ներգրավված է եղել միջադեպին։
Մարտին Մեծ Բրիտանիան Վաշինգտոնին թույլատրել էր Ֆեյրֆորդն օգտագործել «Իրանի ուղղությամբ հատուկ պաշտպանական գործողությունների» համար։ Այդ ժամանակից ի վեր ռազմակայանից ամերիկյան ռմբակոծիչների և այլ ինքնաթիռների թռիչքներ ու վայրէջքներ են նկատվել։
Ֆեյրֆորդը Մեծ Բրիտանիայի մայրցամաքային տարածքում գտնվող միակ ռազմակայանն է, որն օգտագործվում է այդ նպատակով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի