«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող՝ «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment